Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 10

Աքաաբի սերունդը սպանվում է
   
1. Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբի որդիների հոգաբարձուներին՝ ասելով.
2. «Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք
3. տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։
4. Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։
5. Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։
6. Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմ կողմից եք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։
7. Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։
8. Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։
9. Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։
10. Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։
11. Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։
   
Օքոզիայի ազգականները սպանվում են
   
12. Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում,
13. այնտեղ Հեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։
14. Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։
15. Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։
16. Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։
17. Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։
   
Բահաղին պաշտողները սպանվում են
   
18. Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։
19. Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։
20. Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։
21. Եվ Հեուն մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։
22. Հեուն ասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։
23. Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։
24. Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցի փախչող անձի փոխարեն»։
25. Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցին նրանց, գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։
26. Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։
27. Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։
28. Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։ 29Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։
30. Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։
31. Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։
   
Հեուի մահը
   
32. Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում.
33. Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։
34. Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
35. Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։
36. Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։