Հուդայի Գոթողիա թագուհին
(Բ Մն. 22.10–23.15)
1․ Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։
2․ Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։
3․ Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։
Ապստամբություն Գոթողիայի դեմ
(Բ Մն. 23.1-15)
4․ Եվ յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։
5․ Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,
6․ Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։
7․ Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։
8․ Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։
9․ Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։
10․ Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։
11․ Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։
12․ Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։
13․ Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։
14․ Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։
15․ Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։
16․ Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։
Հովիադայի բարեկարգությունները
(Բ Մն. 23.16-21)
17․ Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։
18․ Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։
19․ Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։
20․ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։
21․ Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: