Իսրայելի Հովաքազ թագավորը
1․ Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնյոթ տարի։
2․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։
3․ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։
4․ Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։
5․ Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։
6․ Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։
7․ Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։
8․ Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 9Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Իսրայելի Հովաս թագավորը
10․ Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնվեց տարի։
11․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։
12․ Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
13․ Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։
Եղիսեի մահը
14․ Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։
15․ Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։
16․ Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։
17․ Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։
18․ Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։
19․ Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։
20․ Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։
21․ Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։
Պատերազմ Իսրայելի և ասորիների միջև
22․ Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։
23․ Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։
24․ Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։
25․ Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: