Հուդայի Ամասիա թագավորը
(Բ Մն. 25.1-24)
1․ Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։
2․ Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։
3․ Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։
4․ Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։
5․ Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։
6․ Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։
7․ Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։
8․ Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։
9․ Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։
10․ Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։
11․ Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։
12․ Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։
13․ Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։
14․ Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։
15․ Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
16․ Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Ամասիա թագավորի մահը
(Բ Մն. 25.25-28)
17․ Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։
18․ Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
19․ Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայց մարդ ուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։
20․ Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։
21․ Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։
22․ Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։
Իսրայելի Հերոբովամ Բ թագավորը
23․ Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։
24․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։
25․ Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։
26․ Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։
27․ Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։
28․ Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
29․ Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: