Թագավորը դիմում է Եսայի մարգարեի խորհրդին
(Ես. 37.1-7)
1․ Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։
2․ Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։
3․ Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։
4․ Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։
5․ Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։
6․ Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։
7․ Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։
Ասորեստանցիների նոր սպառնալիքը
(Ես. 37.8-20)
8․ Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։
9․ Ասորեստանի թագավորը լսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.
10․ «Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով. "Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը"։
11․ Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։
12․ Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։
13․ Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։
14․ Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։
15․ Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
16․ Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։
17․ Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները.
18․ կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։
19․ Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։
Եսայու պատգամը թագավորին
(Ես. 37.21-38)
20․ Եվ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։
21․ Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է.
«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը.
Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։
22․ Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր
Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր
Եվ աչքերդ վեր հառեցիր.
Իսրայելի Սրբի վրա։
23․ Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր.
“Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝
Լիբանանի հեռու կողմերը.
Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները
Եվ նրա ընտիր մայրիները.
Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը
Եվ նրա պտղատու ծառերի անտառը։
24․ Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի
Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի
Եգիպտոսի բոլոր գետերը”։
25․ Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ
Եվ նախանշել դա հին օրերից
Եվ բերել հիմա,
Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։
26․ Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը,
Ուստի զարհուրեցին և ամաչեցին
Եվ դաշտի խոտի պես եղան,
Եվ կանաչ բանջարի,
Տանիքի խոտի պես
Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
27․ Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքը
Եվ քո բարկությունն իմ դեմ։
28․ Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար
Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին,
Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին
Եվ իմ սանձը՝ քո բերանին
Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։
29․ Եվ սա նշան կլինի քեզ համար.
Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը
Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը,
Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք
Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։
30․ Եվ Հուդայի տան ազատված մնացորդը
Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար
Եվ պտուղ տա վերևում,
31․ Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից,
Եվ վերապրողները՝ Սիոնի սարից.
Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։
32․ Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին.
“Նա չի մտնելու այս քաղաքը
Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ,
Եվ վահանով չի գալու նրա առջև
Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։
33․ Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա
Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”.
Ասում է Տերը.
34․ “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն
Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։
35․ Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։
36․ Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։
37․ Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: