Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 20

Եզեկիայի հիվանդությունը և կազդուրումը
(Ես. 38.1-8,  21-22, Բ Մն. 32.24-26)
   
1․ Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։
2․ Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով.
3․ «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։
4․ Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով.
5․ «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. "Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը. ահա ես պիտի քեզ բժշկեմ, և երրորդ օրը պիտի ելնես ու գնաս Տիրոջ տուն։
6․ Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար"”»։
7․ Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։
8․ Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։ 9․ Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։
10․ Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։
11․ Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։
   
Բաբելոնի պատգամավորները
(Ես. 39.1-8)
   
12․ Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։
13․ Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։
14․ Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։
15․ Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։
16․ Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը.
17․ “Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-
18․ Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։
19․ Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։
   
Եզեկիայի թագավորության վերջը
(Բ Մն. 32.32-33)
   
20․ Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
21․ Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։