Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 21

Հուդայի Մանասե թագավորը
(Բ Մն. 33.1-20)
   
1․ Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։
2․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։
3․ Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։
4․ Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։
5․ Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։
6․ Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։
7․ Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։
8․ Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։
9․ Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։
10․ Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով.
11․ «Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով,
12․ դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։
13․ Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։
14․ Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար,
15․ որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։
16․ Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։
17․ Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
18․ Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։
   
Հուդայի Ամոն թագավորը
(Բ Մն. 33.21-25)
   
19․ Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։
20․ Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։
21․ Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։
22․ Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։
23․ Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։
24․ Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։
25․ Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
26․ Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։