Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 22

Հուդայի Հովսիա թագավորը
(Բ Մն. 34.1-2)
   
1․ Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։
2․ Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։
   
Օրենքի գիրքը գտնվում է
(Բ Մն. 34.8-28)
   
3․ Հովսիա թագավորի տասնութերորդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն՝ Սափան դպիրին, ուղարկեց Տիրոջ տուն՝ ասելով.
4․ «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,
5․ հանձնեն Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը, որպեսզի տան Տիրոջ տանը գործ անողներին՝ տան վնասված տեղերը նորոգելու համար.
6․ հյուսներին, շինարարներին և որմնադիրներին, նաև փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։
7․ Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։
8․ Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։
9․ Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։
10․ Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։
11․ Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։
12․ Եվ թագավորը հրամայեց Քեղկիա քահանային և Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աքոբորին, Սափան դպիրին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.
13․ «Գնացեք հարցրե՛ք Տիրոջն ինձ համար, ժողովրդի համար և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համաձայն, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ վրա նրա համար, որ մեր հայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին, որ կատարեն մեր մասին բոլոր գրվածները»։
14․ Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայի մեջ, և խոսեցին նրա հետ։
15․ Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.
16․ այսպես է ասում Տերը. "Ահա ես չարիք պիտի բերեմ այս տեղի վրա և նրա բնակիչների վրա այն գրքի բոլոր խոսքերի համաձայն, որ կարդացել է Հուդայի թագավորը.
17․ նրա համար, որ ինձ թողել են և խունկ ծխել ուրիշ աստվածների՝ իրենց ձեռքերի բոլոր գործերով ինձ բարկացնելու համար, և իմ բարկությունը պիտի բորբոքվի այս տեղի վրա և չպիտի հանգչի"”»։
18․ Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպե՛ս ասեք նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այն խոսքերի համար, որ լսել ես.
19․ “Որովհետև քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Տիրոջ առաջ՝ լսելով այն խոսքերը, որ ես ասել եմ այս տեղի դեմ և նրա բնակիչների դեմ, թե ավերում և անեծք պիտի լինի, և պատռեցիր քո հանդերձներն ու լաց եղար իմ առաջ, ես էլ քեզ լսեցի,- ասում է Տերը։-
20․ Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։