Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 8

Սունամացի կինը վերադառնում է
   
1. Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։
2. Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։
3. Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։
4. Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։
5. Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։
6. Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։
Եղիսեն և ասորիների Բենադադ թագավորը
7. Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։
8. Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։
9. Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։
10. Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։
11. Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։
12. Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։
13. Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։
14. Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։
15. Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։
   
Հուդայի Հովրամ թագավորը
(Բ Մն. 21.1-20)
   
16. Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրա դեռ թագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։
17. Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։
18. Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջ առաջ։
19. Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։
20. Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։
21. Եվ Հովրամը բոլոր կառքերը վերցրեց իր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։
22. Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։
23. Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
24. Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։
   
Հուդայի Օքոզիա թագավորը
(Բ Մն. 22.1-6)
   
25. Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։
26. Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։
27. Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։
28. Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։
29. Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։