Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 9

Հեուն Իսրայելի թագավոր է օծվում
   
1. Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։
2. Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։
3. Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”։ Հետո դուռը բա՛ց արա և փախի՛ր ու էլ մի՛ հապաղիր»։
4. Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։
5. Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։
6. Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։
7. Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։
8. Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։
9. Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։
10. Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։
11. Հեուն դուրս եկավ, գնաց իր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։
12. Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. "Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա"”»։
13. Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին.
«Հեուն է թագավորը»։
   
Իսրայելի Հովրամ թագավորը սպանվում է
   
14. Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։
15. Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։
16. Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։
17. Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։
18. Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։
19. Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։
20. Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։
21. Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։
22. Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։
23. Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։
24. Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։
25. Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։
26. “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։
   
Հուդայի Օքոզիա թագավորը սպանվում է
   
27. Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». և նրան վիրավորեցին Հեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։ 28. Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։
29. Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։
   
Հեզաբել թագուհին սպանվում է
   
30. Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։
31. Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից, Հեզաբելն ասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։
32. Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։
33. Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։
34. Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։
35. Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։
36. Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։
37. Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. "Սա Հեզաբելն է"”»։