Կյուրոսը թույլատրում է հրեաների վերադարձը
1․ Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով.
2․ «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։
3․ Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։
4․ Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ»։
5․ Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։
6․ Եվ նրանց շուրջը բոլոր եղողները օգնեցին նրանց արծաթի անոթներով, ոսկով, ունեցվածքով և անասուններով ու թանկագին բաներով, բացի այն ամենից, որ կամովին ընծայեցին։
7․ Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։
8․ Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։
9․ Եվ այս է դրանց թիվը. երեսուն ոսկե կոնք, հազար արծաթե կոնք, քսանինը դանակ.
10․ երեսուն ոսկե տաշտ, չորս հարյուր տասը երկրորդ կարգի արծաթե տաշտ և հազար ուրիշ անոթներ։
11․ Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: