Գիրք` 25. Առակներ

Գլուխ 2

Իմաստության վարձատրությունը
   
1․ Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2․ Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3․ Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը,

4․ Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5․ Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6․ Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7․ Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8․ Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9․ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

10․ Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11․ Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12․ Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,

13․ Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14․ Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15․ Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16․ Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17․ Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18․ Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19․ Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20․ Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21․ Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22․ Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։