Գիրք` 25. Առակներ

Գլուխ 4

Իմաստության օգուտները

   
1. Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը,

2. Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.

3. Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ,

4. Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։

5. Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։

6. Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։

7. Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։

8. Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։

9. Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։

10. Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։

11. Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։

12. Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։

13. Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։

14. Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։

15. Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։

16. Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։

17. Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։

18. Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։

19. Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։

20. Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։

21. Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր,

22. Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։

23. Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։

24. Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։

25. Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։

26. Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։

27. Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։