Կռապաշտություն և ճշմարիտ երկրպագություն
1. Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։
2. Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։
3. Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։
4. Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։
5. Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։
6. Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։
7. Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։
8. Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։
9. Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։
10. Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։
11. Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։
Աստծու փառաբանության երգ
12. Նա է իր զորությամբ կերտելերկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։
13. Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։
14. Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։
15. Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։
16. Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։
Մոտալուտ աքսորը
17. Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։
18. Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։
19. Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։
20. Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։
21. Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։
22. Մի լուր է ձայնում. Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։
23. Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։
24. Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։
25. Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: