Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 11

Երեմիան և ուխտը
 

1. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։

3. Դու նրանց ասա՛. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Անիծյալ լինի այն մարդը, որ չի լսում այս ուխտի խոսքերը,

4. որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը և կատարե՛ք այն ամենը, ինչ ես հրամայում եմ ձեզ։ Եվ դուք ինձ ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ Աստված կլինեմ,

5. որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր"»։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. «Ամե՛ն, ո՛վ Տեր»։

6. Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարի՛ր այս խոսքերը՝ ասելով. Լսե՛ք այս ուխտի խոսքերը և գործադրե՛ք դրանք։

7. Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով. "Լսե՛ք իմ ձայնը"։

8. Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին»։

9. Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։

10. Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։

11. Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։

12. Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։

13. Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։

14. Ուստի դու այս ժողովրդի համար մի՛ աղոթիր և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի՛ արա, որովհետև ես նրանց չեմ լսելու, երբ ինձ կանչեն իրենց դժբախտության ժամանակ»։

15. Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։

16. Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց, բայց մեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։

17. Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեց քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։

Դավադրություն Երեմիայի կյանքի դեմ

18. Տերն ինձ իմացրեց, և ես իմացա. այն ժամանակ դու ինձ ցույց տվեցիր նրանց չար գործերը։

19. Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։

20. Սակայն, ո՛վ Զորությունների Տեր, արդա՛ր դատավոր, սիրտն ու միտքը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

21. Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։

22. Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։

23. Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։