Երեմիայի գանգատը
1. Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։
2. Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից։
3. Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛ր նրանց։
4. Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։
5. Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։
6. Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։
Տիրոջ վիշտը իր ժողովրդի համար
7. «Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։
8. Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։
9. Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։
10. Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։
11. Այն ամայության վերածեցին. նա ամայի սգաց իմ առաջ. ամբողջ երկիրն ամայացավ, որովհետև մարդ չկա, որ հոգա։
12. Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։
13. Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին, աշխատանք թափեցին, օգուտ չտեսան, և դուք Տիրոջ բորբոք բարկության պատճառով ձեր բերքից պիտի ամաչեք»։
Տիրոջ խոստումը Իսրայելի հարևաններին
14. Այսպես է ասում Տերն իմ բոլոր չար հարևանների մասին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որ ժառանգել եմ տվել իմ Իսրայել ժողովրդին։ «Ահա ես նրանց արմատախիլ պիտի անեմ իրենց երկրի երեսից և Հուդայի տունը արմատախիլ պիտի անեմ նրանց միջից։
15. Նրանց արմատախիլ անելուց հետո կդառնամ և կգթամ նրանց և ամեն մեկին կվերադարձնեմ իր ժառանգությանը և ամեն մարդու՝ իր երկիրը։
16. Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ Կենդանի է Տերը, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։
17. Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: