Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 13

Փտած գոտին

 

1․ Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։

2․ Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։

3․ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով.

4․ «Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։

5․ Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Տերն էր հրամայել։

6․ Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ մեջքի այն գոտին, որ ես քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ»։

7․ Եվ ես Եփրատ գնացի, փորեցի և մեջքի գոտին թաքցրած տեղից վերցրի։ Բայց ահա մեջքի գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։

8․ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Տերն այսպես է ասում.

9․ Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։

10․ Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։

11․ Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին։

 

Գինու տիկը

 

12․ Այս խո՛սքն ասա նրանց. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ամեն տիկ պիտի լցվի գինիով", և նրանք քեզ ասելու են. Մի՞թե մենք չգիտեինք, որ ամեն տիկ գինիով պետք է լցվի։

13․ Ապա դու ասա՛ նրանց. Այսպես է ասում Տերը. "Ահա ես գինովությամբ պիտի լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի գահի վրա նստող թագավորներին, քահանաներին ու մարգարեներին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին։

14․ Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ"»։

 

Երեմիան զգուշացնում է հպարտության դեմ

 

15․ Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։

16․ Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։

17․ Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։

18․ Թագավորին և մայր-թագուհուն ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։

19․ Հարավային քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։

20․ «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։

21․ Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։

22․ Եվ եթե քո սրտում ասես. Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։

23․ Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։

24․ Եվ ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման։

25․ Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։

26․ Ուստի ես էլ քո դեմքի վրա կբարձրացնեմ քո փեշը, և քո ամոթը կերևա։

27․ Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։