Երաշտ
1․ Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։
2․ Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։
3․ Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։
4․ Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։
5․ Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքում իր ձագին, որովհետև խոտ չկա։
6․ Վայրի էշերն էլ կանգնում են լերկ բլուրների վրա, շնագայլերի պես ծծում են օդը. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա։
7․ Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։
8․ Ո՛վ հույս Իսրայելի, նրա փրկի՛չ նեղության ժամանակ, ինչո՞ւ օտարականի պես ես դարձել երկրում և մի ճանապարհորդի պես, որ մտել է գիշերելու։
9․ Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։
10․ Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։
11․ Եվ Տերն ինձ ասաց. «Այս ժողովրդի բարօրության համար մի՛ աղոթիր։
12․ Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։
13․ Եվ ես ասացի. «Ավա՜ղ, Տե՛ր Աստված, ահա մարգարեներն ասում են նրանց. Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու. այս տեղում ճշմարիտ խաղաղություն պիտի տամ ձեզ»։
14․ Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։
15․ Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. Սուր և սով չի լինելու այս երկրում, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։
16․ Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։
17․ Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։
18․ Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։
Ժողովուրդը պաղատում է Աստծուն
19․ Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։
20․Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։
21․ Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։
22․ Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: