Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 15

Դատավճիռ Հուդայի ժողովրդի համար
 

1․ Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։

2․ Եվ եթե քեզ ասեն. Ո՞ւր դուրս գնանք, նրանց կասես. Տերն այսպես է ասում. "Որոնք մահվան համար են՝ դեպի մահը, որոնք սրի համար են՝ դեպի սուրը, որոնք սովի համար են՝ դեպի սովը, և որոնք գերության համար են՝ դեպի գերություն"։

3․ Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։

4․ Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։

5․ Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։

6․ Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։

7․ Եվ հեծանոցով հոսելու եմ նրանց երկրի դարպասներում, անզավակ եմ անելու, պիտի ոչնչացնեմ իմ ժողովրդին. նրանք իրենց ճանապարհներից հետ չդարձան։

8․ Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։

9․ Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։

 
Երեմիայի գանգատը Աստծուն
 

10․ Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։

11․ Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։

12․ Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։

13․ Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։

14․ Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։

15․ Դու գիտես, ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ և այցելի՛ր ինձ և իմ վրեժն ա՛ռ ինձ հալածողներից, քո համբերատարությամբ ինձ մի՛ վերացրու, իմացի՛ր, որ քեզ համար նախատինք կրեցի։

16․ Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։

17․ Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։

18․ Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։

19․ Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։

20․ Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձի ամուր պարիսպ կկարգեմ. և նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ և ազատեմ,- ասում է Տերը։-

21․ Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։