Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 18

Երեմիան բրուտի տանը
 

1․ Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով.

2․ «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը»։

3․ Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի վրա։

4․ Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։

5․ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

6․ «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։

7․ Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար,

8․ և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։

9․ Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար,

10․ և եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան»։

11․ Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Տերն այսպես է ասում. Ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները։

12․ Բայց նրանք ասում են. Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու»։

 
Ժողովուրդը մերժում է Տիրոջը
 

13․ Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։

14․ Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը։

15․ Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։

16․ Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։

17․ Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին, նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։

 
Դավադրություն Երեմիայի դեմ
 

18․ Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։

19․ Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը։

20․ Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։

21․ Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։

22․ Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։

23․ Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետ այդպե՛ս վարվիր քո բարկության ժամանակ։