Երուսաղեմի պարտության կանխատեսումը
1. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.
2. «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։
3. Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային։
4. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։
5. Ես էլ երկարացրած ձեռքով, զորավոր բազկով և բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ պիտի պատերազմեմ ձեր դեմ։
6. Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։
7. Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի։
8. Եվ դու այս ժողովրդին ասա՛. Այսպես է ասում Տերը. "Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։
9. Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։
10. Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն"։
Հուդայի արքայական տան դատաստանը
11. Եվ Հուդայի թագավորի տանն ասա՛. Լսե՛ք Տիրոջ խոսքը,
12. ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի։
13. Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները։
14. Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: