Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 23

Հույս ապագայի համար

 

1. «Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։

2. Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։

3. «Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն ու բազմանան։

4. Եվ նրանց վրա հովիվներ պիտի դնեմ, որ նրանց հովվեն, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի պակասեն»,- ասում է Տերը։

5. «Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։

6. Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելն ապահով կապրի։ Եվ սա է նրա անունը, որով նա պիտի կոչվի՝ Տերը՝ մեր Արդարությունը։

7. Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից,

8. այլ՝ Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։

 
Երեմիայի պատգամը մարգարեների մասին
 

9. Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։

10. Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունըարդար չէ։

11. «Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։

12. -Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի լինի. նրանք պետք է հրվեն և վայր ընկնեն այնտեղ, որովհետև ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց պատուհասելու տարում,- ասում է Տերը։-

13. Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. Բահաղով մարգարեացան և մոլորեցրին իմ Իսրայել ժողովրդին։

14. Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։

15. Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն տարածվեց»։

16. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։

17. Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. Ձեզ վրա չարիք չի գալու»։

18. Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։

19. Տիրոջ մրրիկն ահա զայրույթով դուրս եկավ, այո՛, սաստիկ պտտահողմը ամբարիշտների գլխին է պտտվելու։

20. Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։

21. «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրենք վազեցին, ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրենք մարգարեացան։

22. Եվ եթե կանգնած լինեին իմ խորհրդում, այն ժամանակ ժողովրդին լսել կտային իմ խոսքերը և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից և իրենց չար գործերից»։

23. «Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։

24. Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։

25. - Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։

26. Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։

27. Մտածում են, թե այն երազներով, որ միմյանց պատմում են, իմ ժողովրդին մոռանալ տան իմ անունը, ինչպես որ իրենց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։

28. Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ,- ասում է Տերը։

29. - Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։

30. Ուստի ես ահա մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իմ խոսքերն են գողանում իրարից։

31. Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։

32. Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։

 
Տիրոջ բեռը
 

33. - Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. Ի՞նչ է Տիրոջ բեռը, այն ժամանակ դու նրանց ասա՛. Ի՞նչ բեռ։ Եվ ես ձեզ պիտի թոթափեմ,- ասում է Տերը։

34. - Իսկ Տիրոջ բեռ ասող մարգարեին ու քահանային և ժողովրդին՝ այդպիսի մարդուն ու նրա տանը, ես պիտի պատժեմ։

35. Այսպե՛ս ասացեք, ամեն մարդ՝ իր ընկերոջը և ամեն մարդ՝ իր եղբորը. Տերն ի՞նչ պատասխանեց կամ Տերն ի՞նչ ասաց։

36. Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։

37. Այսպե՛ս ասա մարգարեին. Տերը քեզ ի՞նչ պատասխանեց կամ Տերն ի՞նչ ասաց։

38. Բայց եթե Տիրոջ բեռը ասեք, ապա Տերն այսպես է ասում. Որովհետև դուք ասում եք "Տիրոջ բեռը" խոսքը, թեև լուր ուղարկեցի ձեզ՝ ասելով. "Մի՛ ասեք "Տիրոջ բեռը",

39. դրա համար ահա ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և իմ աչքի առաջից պիտի հեռացնեմ ձեզ ու այն քաղաքը, որ տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։

40. Ես ձեզ վրա հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք պիտի դնեմ, որ չպիտի մոռացվի"»։