Թշնամին հյուսիսից
1. Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,
2. որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին.
3. «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։
4. Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։
5. Նրանք ասում էին. Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։
6. Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի։
7. Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։
8. Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը,
9. ահա ես կկանչեմ և կբերեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։
10. Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։
11. Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։
12. Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։
13. «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։
14. Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։
Աստծու դատաստանը ազգերին
15. Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։
16. Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։
17. Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝
18. Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,
19. Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին
20. և բոլոր խառնածինների ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,
21. Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին,
22. Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,
23. Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,
24. Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։
25. Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին
26. և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։
27. Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում»։
28. Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. Անպատճառ պիտի խմեք։
29. Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա,- ասում է Զորությունների Տերը»։
30. Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։
31. Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։
32. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։
33. Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։
34. Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։
35. Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։
36. Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները.
37. Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։
38. Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: