Երեմիան և Անանիա մարգարեն
1. Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց.
2. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։
3. Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։
4. Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն,- ասում է Տերը,- որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը»։
5. Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին
6. և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։
7. Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։
8. Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք և ժանտախտ են մարգարեացել։
9. Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։
10. Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն։
11. Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։
12. Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
13. «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես։
14. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան»։
15. Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։
16. Ուստի Տերն այսպես է ասում. Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր»։
17. Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: