Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 29

Երեմիայի նամակը Բաբելոնի հրեաներին
 

1. Սրանք են այն նամակի խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։

2. [Հեքոնիա թագավորի և մայր թագուհու, պալատականների և Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորների, հյուսների ու դարբինների՝ Երուսաղեմից դուրս գալուց հետո]

3. նամակն ուղարկվեց Սափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով.

4. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր տարագիրներիդ, որոնց ես Երուսաղեմից տարագրեցի Բաբելոն.

5. Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

6. Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։

7. Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի։

8. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները, որոնք ձեր մեջ են, և մի՛ լսեք ձեր երազատեսներին, որոնց ձեզ համար երազել եք տալիս։

9. Որովհետև նրանք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում. ես չեմ ուղարկել նրանց»,- ասում է Տերը։

10. Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։

11. Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

12. Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։

13. Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։

14. Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։

15. Որովհետև դուք ասել եք. Տերը մեզ համար Բաբելոնում մարգարեներ է հանել»։

16. Որովհետև Տերն այսպես է ասում այն թագավորին, որ բազմում է Դավթի գահի վրա, և ամբողջ այն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն տարագրվել։

17. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես նրանց վրա եմ ուղարկում սուրը, սովն ու ժանտախտը և նրանց փչացած թզերի պես պիտի անեմ, որոնք վատությունից չեն ուտվի։

18․ Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։

19․ Որովհետև նրանք չլսեցին իմ խոսքերը,- ասում է Տերը,- երբ ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կրկին ու կրկին ուղարկեցի, բայց դուք չլսեցիք»,- ասում է Տերը։

20․ Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։

21․ Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։

22․ Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով,

23․ որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։

 
Սեմայիայի նամակը
 

24․ Նեհելամացի Սեմայիայի հետ խոսի՛ր և ասա՛.

25․ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով.

26․ "Տերը քեզ քահանա է կարգել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի վերակացու լինես Տիրոջ տանը խելացնոր ու մարգարեացող բոլոր մարդկանց համար, որ նրանց կոճղի ու վզօղակի մեջ դնես։

27․ Եվ հիմա ինչո՞ւ չհանդիմանեցիր անաթովթացի Երեմիային, որ մարգարեանում է ձեզ համար,

28․ որովհետև նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. "Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը"»։

29․ Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։

30․ Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

31․ «Լո՛ւր ուղարկիր բոլոր տարագիրներին՝ ասելով. Տերն այսպես է ասում նեհելամացի Սեմայիայի մասին. "Որովհետև Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, երբ ես նրան չէի ուղարկել, և ձեզ մղեց, որ ստի հուսաք,

32․ դրա համար Տերն այսպես է ասում. "Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել"»։