Երեմիան մի արտ է գնում
1. Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։
2. Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում,
3. որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։
4. Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։
5. Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու»։
6. Երեմիան ասաց. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
7. Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. "Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե"»։
8. Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։
9. Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցի տվեցի նրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։
10. Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։
11. Ես վերցրի գնման փաստաթուղթը՝ հրամանի և կանոնների համաձայն կնքվածը և բացը։
12. Եվ գնման փաստաթուղթը իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։
13. Եվ նրանց աչքի առաջ հրամայեցի Բարուքին՝ ասելով.
14. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան։
15. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Այս երկրում կրկին տներ և այգիներ ու խաղողի այգիներ պիտի գնվեն»։
Երեմիայի աղոթքը
16. Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով.
17. «Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։
18. Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։
19. Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես.
20. դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։
21. Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։
22. Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։
23. Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։
24. Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։
25. Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։
26. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
27. «Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։
28. Սրա համար Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը ես պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։
29. Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։
30. Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։
31. -Որովհետև այս քաղաքն իմ բարկության և իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր։ Ուստի ես այն պիտի վերացնեմ իմ առաջից
32. Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։
33. Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։
34. Իրենց այս գարշելի քանդակները դրեցին այն տան մեջ, որ իմ անունն է կրում, որպեսզի այն պղծեին։
35. Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին զոհաբերեն Մողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։
Հույսի խոստում
36. Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում,
37. ահա ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ մեծ բարկությամբ, զայրույթով և մեծ սրտմտությամբ. նրանց պիտի վերադարձնեմ այստեղ և բնակեցնեմ ապահովությամբ։
38. Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ։
39. Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։
40. Եվ ես նրանց հետ հավիտենական ուխտ եմ կապում, որ չշրջվեմ իրենց բարիք անելուց, և իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ ինձնից չդառնան։
41. Եվ ես նրանց բարություն անելով պիտի հրճվեմ և իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց ճշմարտապես պիտի տնկեմ այս երկրում»։
42. Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։
43. Եվ արտերը պիտի գնվեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. Ամայի է, առանց մարդու և անասունի, քաղդեացիների ձեռքն է տրվել։
44. Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: