Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 33

Հույսի մեկ այլ խոստում
 

1. Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց.

2. «Այսպես է ասում Տերը՝ տիեզերքը արարողը, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։

3 .Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել։

4. Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով.

5. Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։

6. Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության առատությունը պիտի հայտնեմ նրանց։

7. Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։

8. Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։

9. Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան»։

10. Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ Ավերակ է, առանց մարդու և անասունի, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի,

11. դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։

12. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։

13. Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։

14. «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։

15. Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։

16. Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։

17. Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։

18. Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։

19. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

20. «Այսպես է ասում Տերը. Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա

21. կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։

22. Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին»։

23. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

24. «Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։

25. Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել,

26. ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։