Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 36

Բարուքը տաճարում կարդում է մատյանը
 

1. Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տիրոջից այս խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։

3. Գուցե Հուդայի տունը լսի այն ամբողջ չարիքի մասին, որ ես մտադիր եմ նրանց անել, որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը»։

4. Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։

5. Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։

6. Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։

7. Կարող է նրանց աղաչանքն ընկնի Տիրոջ առաջ, և ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը խոսել է այս ժողովրդի դեմ»։

8. Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։

9. Եվ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարվա իններորդ ամսին Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը և այն ամբողջ ժողովուրդը, որ Երուսաղեմ էր եկել Հուդայի քաղաքներից, Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին։

10. Ապա Տիրոջ տանը՝ Սափան դպրի որդի Գամարիայի սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքում, ժողովրդի ականջի առաջ Բարուքը մագաղաթից կարդաց Երեմիայի խոսքերը։

 
Մատյանն ընթերցվում է պաշտոնյաների համար
 

11. Երբ Սափանի որդու՝ Գամարիայի որդի Միքիան այդ մագաղաթից լսեց Տիրոջ բոլոր խոսքերը,

12. իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։

13. Եվ Միքիան նրանց պատմեց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ականջին կարդում էր մագաղաթից։

14. Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։

15. Եվ նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստի՛ր և դա կարդա՛ մեզ համար»։ Բարուքը կարդաց նրանց համար։

16. Եվ երբ նրանք լսեցին այն բոլոր խոսքերը, սարսափով իրար նայեցին և Բարուքին ասացին. «Այդ բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։

17. Բարուքին հարցրին և ասացին. «Խնդրում ենք, ասա՛ մեզ՝ այս բոլոր խոսքերը նրա բերանից ինչպե՞ս գրեցիր»։

18. Եվ Բարուքն ասաց նրանց. «Իր բերանով նա ինձ ասում էր այս բոլոր խոսքերը, և ես թանաքով գրում էի այս մագաղաթում»։

19. Եվ իշխաններն ասացին Բարուքին. «Գնա՛, թաքնվի՛ր, դու ու Երեմիան, և թող ոչ ոք չիմանա, թե դուք որտե՛ղ եք»։

 
Թագավորն այրում է մատյանը
 

20. Եվ նրանք եկան սրահը՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը պահ տվեցին դպիր Եղիսամայի սենյակում։ Եվ բոլոր խոսքերը պատմեցին թագավորին։

21. Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։

22. Իններորդ ամսին էր. թագավորը նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառված էր կրակարանը։

23. Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր, թագավորը այն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։

24. Բայց ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խոսքերը, չսարսափեցին և իրենց հանդերձները չպատռեցին։

25. Թեպետ և Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան թագավորին պաղատեցին, որ մագաղաթը չայրի, բայց նա չլսեց նրանց։

26. Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։

 
Երեմիան ուրիշ մատյան է գրում
 

27. Երբ թագավորն այրեց այն մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

28. «Քեզ համար մի ուրի՛շ մագաղաթ վերցրու կրկին և նրա վրա գրի՛ր նախկին այն խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրեց։

29. Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. Տերն այսպես է ասում. "Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. "Ինչո՞ւ ես նրա վրա գրել, թե անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և ավերի այս երկիրը և նրանից վերացնի մարդ ու անասուն"»։

30. Դրա համար Տերը Հուդայի Հովակիմ թագավորի մասին այսպես է ասում. «Դավթի գահի վրա բազմող չպիտի ունենա, և նրա դիակը ցերեկը տաքի մեջ, իսկ գիշերը սառնամանիքի մեջ պիտի գցվի։

31. Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։

32. Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։