Սեդեկիայի խնդրանքը Երեմիային
1. Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։
2. Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։
3. Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։
4. Եվ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին արգելափակել բանտում։
5. Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։
6. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով.
7. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու. "Ահա փարավոնի զորքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը՝ Եգիպտոս։
8. Քաղդեացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն"։
9. Տերն այսպես է ասում. Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. "Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից". որովհետև նրանք չեն հեռանալու։
10. Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն»։
Երեմիան ձերբակալվում է և բանտարկվում
11. Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդեացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից,
12. այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածի բաժինն առնի։
13. Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։
14. Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդեացիների կողմը չեմ անցնում»։ Բայց նա չլսեց նրան։ Եվ Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։
15. Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։
16. Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց,
17. Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։
18. Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել։
19. Եվ ո՞ւր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ՝ ասելով. Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ։
20. Իսկ հիմա խնդրեմ լսի՛ր, ո՛վ իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի. ինձ հետ մի՛ ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։
21. Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: