Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 41

 

1. Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։

2. Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։

3. Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։

4. Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր,

5. Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։

6. Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։

7. Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեց և գցեց գբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։

8. Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։

9. Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։

10. Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։

11. Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը,

12. վերցրին իրենց բոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։

13. Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։

14. Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։

15. Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։

16. Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։

17. Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։

18. Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա։