Աստծու պատգամը Եգիպտոսի իսրայելացիներին
1. Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում.
2. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի (և Հուդայի բոլոր քաղաքների) վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա
3. այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։
4. Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. "Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ"։
5. Բայց նրանք չանսացին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին։
6. Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է»։
7. Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։
8. Ինչո՞ւ եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով՝ ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։
9. Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։
10. Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ»։
11. Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։
12. Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։
13. Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել՝ սրով, սովով և ժանտախտով։
14. Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։
15. Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով.
16. «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։
17. Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։
18. Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։
19. Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։
20. Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց.
21. «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։
22. Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։
23. Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։
24. Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,
25. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. "Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար"։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։
26. Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. "Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. "Տեր Աստված կենդանի է"։
27. Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։
28. Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։
29. Եվ սա թող ձեզ համար նշան լինի,- ասում է Տերը,- որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերն անպատճառ պիտի հաստատվեն ձեզ վրա ի չարիք"։
30. Այսպես է ասում Տերը. Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: