Աստծու խոստումը Բարուքին
1. Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.
2. «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։
3. Դու ասացիր. Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում։
4. Նրան այսպե՛ս ասա. Այսպես է ասում Տերը. "Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։
5. Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես"»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: