Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 46

Եգիպտոսը պարտվում է Նաբուգոդոնոսորից
 

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին,

2. Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում.

3. «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.

4. թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։

5. Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում են ու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։-

6. Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։

7. Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։

8. Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։

9. Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներն ու աղեղ լարողները։

10. Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։

11. Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։

12. Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա, և երկուսն էլ միասին ընկան»։

 
Նաբուգոդոնոսորի հարձակումը Եգիպտոսի վրա
 

13. Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.

14. «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը։

15. Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։

16. Շատացրեց սայթաքողներին. իրար վրա ընկան և ասացին. Վե՛ր կաց, վերադառնանք մեր ժողովրդին և մեր ծննդավայրը բռնավորի սրի պատճառով։

17. Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է»։

18. «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։

19. Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։

20. «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։

21. Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։

22. Նրա ձայնը հեռացող օձի ձայնի պես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։

23. Նրանք պիտի կտրեն նրա անտառը,- ասում է Տերը,- թեկուզև նա խիտ լինի, որովհետև նրանք մարախից շատ են, և թիվ չկա նրանց։

24. Եգիպտոսի դուստրն ամոթահար պիտի լինի, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը պիտի մատնվի»։

25 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։

26 Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։

 
Աստված պիտի ազատի իր ժողովրդին
 

27. «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։

28. Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։