Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 47

Փղշտացիների կործանումը
 

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։

2. Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։

3. Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև

4. այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթոր ծովեզրի մնացածներին։

5. Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։

6. Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։

7. Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։