Երուսաղեմի մեղքը
1. Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդ քաղաքին։
2. Եվ թեպետ ասում են. «Կենդանի է Տերը», բայց անտարակույս ստությամբ են երդվում։
3. Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։
4. Ես ասացի. «Սրանք պարզապես աղքատներն են. անմիտ են և չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը։
5. Ես կգնամ մեծերի մոտ և նրանց հետ կխոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը»։ Բայց նրանք բոլորը լուծը կոտրել են, կապերը կտրատել։
6. Սրա համար անտառից նրանց պիտի զարկի առյուծը, անապատների գայլը պիտի կործանի նրանց, ինձն է հսկելու նրանց քաղաքների վրա. յուրաքանչյուրը, ով նրանցից դուրս գա, պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները։
7. Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։
8. Լավ կերակրված ցանկամոլ ձիեր են, ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է խրխնջում։
9. «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից հոգիս վրեժ չպիտի՞ առնի»։
10. «Բարձրացե՛ք նրա խաղողի այգիները և ավերե՛ք, բայց լիովին չոչնչացնեք. վերցրե՛ք նրա ոստերը, որովհետև նրանք Տիրոջը չեն։
11. Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը մեծապես անհավատարիմ մնացին ինձ»,- ասում է Տերը։
Տերը մերժում է Իսրայելին
12. Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։
13. Եվ մարգարեները քամի են, և Տիրոջ խոսքը նրանց մեջ չէ. այսպես է լինելու նրանց»։
14. Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։
15. Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։
16. Նրանց կապարճը բաց գերեզմանի պես է, նրանք բոլորը կտրիճներ են։
17. Նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու դուստրերին. պիտի ուտեն քո հոտերն ու քո արջառները, պիտի ուտեն քո որթատունկերն ու թզենիները, ամրացված քաղաքները, որոնց ապավինում ես, սրով պիտի քարուքանդ անեն»։
18. «Բայց այն օրերին էլ,- ասում է Տերը,- ձեր վախճանը լիովին չեմ տալու։
19. Եվ երբ ասեք. Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ, դու էլ ասա՛ նրանց. Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում»։
Աստված զգուշացնում է իր ժողովրդին
20. Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով.
21. «Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։
22. «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։
23. Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։
24. Եվ իրենց սրտում չասացին. Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որ իր ժամանակին տալիս է անձրևը, առաջին և վերջին անձրևը, որ մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները։
25. Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։
26. Որովհետև իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում, դարանամուտ են լինում կծկված թռչնորսների պես, որոգայթներ են լարում, մարդիկ որսում։
27. Ինչպես որ վանդակն է լի թռչուններով, նույնպես և նրանց տները լիքն են խաբեությամբ. դրա համար են նրանք մեծացել և հարստացել,
28. պարարտացան-փայլեցին, չարերի գործերն էլ գերազանցեցին։ Դատը չեն դատում՝ որբի դատը, (այսուամենայնիվ հաջողում են) և չքավորների իրավունքը չեն պաշտպանում»։
29. «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։
30. Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։
31. Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: