Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 51

Բաբելոնի անաչառ դատաստանը
 

1. Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։

2. Բաբելոնի վրա օտարներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան և դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրն ամեն կողմից նրա վրա պիտի գան»։

3. Թող աղեղնավորը իր աղեղը լարի նրա դեմ և պատրաստ կանգնի՝ հագած իր զրահը։ Մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը։

4. Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։

5. Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։

6. Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող իր անձն ազատի, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև Տիրոջ համար վրեժխնդրության ժամանակն է, ինքն է հատուցելու նրան։

7. Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։

8. Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։

9. Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։

10. Տերը երևան հանեց մեր արդարությունը։ Եկե՛ք, և Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործը։

11. Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։

12. Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։

13. Ո՛վ շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։

14. Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։

 
Փառաբանության երգ
 

15. Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը.

16. երբ նրա ձայնը որոտում է, երկնքում ջրերի դղրդյուն է. գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և իր շտեմարաններից հանում է քամին։

17. Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։

18. Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

19. Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է, Իսրայելը նրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։

20. «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզնով ազգեր կջարդեմ և թագավորություններ կկործանեմ քեզնով։

21. Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։

22. Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։

23. Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրա եզների զույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։

24. Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

25. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։

26. Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։

27. Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։

28. Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։

29. Երկիրը կդողա և կտագնապի, որովհետև կկատարվեն Տիրոջ մտադրությունները Բաբելոնի մասին՝ Բաբելոնի երկիրն առանց բնակչի՝ ամայի դարձնելու մասին։

30. Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։

31. Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։

32. Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։

33. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։

34. Մեզ լափեց, մեզ բնաջնջեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, մեզ դատարկ անոթ դարձրեց, մեզ վիշապի պես կուլ տվեց, փափկություններով իր փորը լցրեց, մեզ դուրս նետեց։

35. «Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրա լինեն»,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիների երկրի բնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։

 
Աստված օգնելու է Իսրայելին
 

36. Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։

37. Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։

38. Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։

39. Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։

40. - Ես գառների պես նրանց սպանդանոց պիտի իջեցնեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ։

 
Բաբելոնի ճակատագիրը
 

41. Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։

42. Ծովը բարձրացավ Բաբելոնի վրա, այն ծածկվեց նրա խռովալից ալիքներով։

43. Նրա քաղաքներն ամայի դարձան, անջրդի երկիր ու անապատ, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում, և նրա միջով մարդու որդի չի անցնում։

44. Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։

45. Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։

46. Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։

47. Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։

48. Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։

49. -Բաբելոնը պիտի տապալվի Իսրայելի սպանվածների համար, ինչպես որ ամբողջ երկրի սպանվածները տապալվեցին Բաբելոնի համար»։

 
Աստծու պատգամը Բաբելոնի իսրայելացիներին
 

50. Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։

51. Մենք ամաչում ենք, որովհետև նախատինք լսեցինք, ամոթը ծածկեց մեր դեմքը, որովհետև օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։

52. «Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։

53. Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։

 
Բաբելոնի ավերումը
 

54. Լսե՛ք. աղաղակի ձայն Բաբելոնից. մեծ կոտորած է քաղդեացիների երկրում։

55. Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և նրանից պիտի վերացնի մեծ ձայնը, որովհետև նրանց ալիքները շատ ջրերի նման մռնչում են. նրանց ձայնի աղմուկը բարձր է հնչում։

56. Որովհետև նրա՝ Բաբելոնի վրա ավերող եկավ, և նրա պատերազմիկները գերի ընկան, նրանց աղեղները կոտրտվեցին, որովհետև Տերը հատուցող Աստված է. նա անպատճառ կհատուցի։

57. «Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։

58. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։

 
Երեմիայի պատգամը ուղարկվում է Բաբելոն
 

59. Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։

60. Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։

61. Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը,

62. և ասա՛. Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա։

63. Եվ երբ վերջացնես այս գիրքը կարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ

64. և ասա՛. Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելու այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։