Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 52

Երուսաղեմի անկումը
(Դ Թագ. 24:18-25:7)
 

1. Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։

2. Եվ նա Տիրոջ առաջ չարություն արեց ըստ ամեն ինչի, որ արել էր Հովակիմը։

3. Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

4. Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։

5. Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

6. Չորրորդ ամսին՝ ամսի իննին, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար։

7. Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։

8. Բայց քաղդեացիների զորքերը թագավորին հետապնդեցին և Երիքովի հարթավայրում հասան Սեդեկիային։ Նրա ամբողջ զորքը ցիրուցան եղավ իր մոտից։

9. Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։

10. Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։

11. Կուրացրեց Սեդեկիայի աչքերը և նրան պղնձե շղթաներով կապեց։ Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն տարավ և բանտարկեց մինչև նրա մահվան օրը։

 
Տաճարի կործանումը
 

12. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։

13. Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։

14. Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որ թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պատերը։

15. Եվ Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ ժողովրդի չքավորներից, քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, և մնացած արհեստավորներին։

16. Եվ երկրի չքավորներից Նաբուզարադան թիկնապահապետը թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

17. Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։

18. Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։

19. Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։

20. Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։

21. Սյուներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն էր, նրա շրջագիծը տասներկու կանգուն էր, նրա հաստությունը չորս մատնաչափ էր, մեջը՝ դատարկ։

22. Եվ մի պղնձե խոյակ կար նրա վրա. մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, և խոյակի վրա շուրջանակի ցանց ու նռներ կային, բոլորը՝ պղնձե։ Եվ սրա նման էր նաև մյուս սյունը և նռներով։

23. Ամեն մի կողմի վրա նռները իննսունվեց հատ էին, ցանցի վրա շուրջանակի նռները հարյուր հատ էին։

 
Հուդայի ժողովուրդը գերի է տարվում Բաբելոն
(Դ Թագ. 25:18-21, 27-30)
 

24. Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։

25. Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։

26. Նաբուզարադան թիկնապահապետը նրանց վերցրեց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբղա։

27. Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Եմաթի երկրի Ռեբղայում։ Այսպես Հուդան գերի տարվեց իր երկրից։ 28 Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդի թիվը սա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա.

29. Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։

30. Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի, ամբողջը՝ չորս հազար վեց հարյուր հոգի։

31. Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխը և նրան հանեց բանտից։

32. Եվ նրա հետ քաղցրությամբխոսեց և նրա գահը Բաբելոնում եղող մյուս թագավորների աթոռից բարձր դրեց,

33. նրա բանտի հագուստները փոխեց, և նա իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա հետ էր հաց ուտում։

34. Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։