Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 6

Երուսաղեմը՝ շրջապատված թշնամիներով
   

1․ Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։

2․ Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։

3․ Նրա մոտ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։

4․ Պատերա՛զմ պատրաստեք նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։

5․ Վե՛ր կացեք, գիշերով ելնենք և կործանենք նրա պալատները։

6․ Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։

7․ Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։

8․ Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։

   
Ապստամբ Իսրայելը
   

9․ Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։

10․ Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։

11․ Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։

12․ Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։

13․ Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ անիրավ շահի համար ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։

14․ Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, երբ խաղաղություն չկա։

15․ Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։

   
Իսրայելը մերժում է Աստծու ճանապարհը
   

16․ Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. Նրանում չենք ընթանում։

17․ Ես ձեզ վրա դետեր նշանակեցի. Ուշադի՛ր եղեք փողի ձայնին, բայց նրանք ասացին. Ուշադիր չենք լինելու։

18․ Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ, ինչ է լինելու նրանց։

19․ Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։

20․ Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։

21․ Դրա համար Տերն այսպես է ասում. Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն»։

   
Ասպատակներ հյուսիսից
   

22․ Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։

23․ Աղեղ և նիզակ են բռնել, անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման։ Ձիերի վրա են հեծնում, քո դեմ շարված են պատերազմիկների նման, ո՛վ Սիոնի դուստր։

24․ Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։

25․ Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։

26․ Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։

27․ Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։

28․ Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։

29․ Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։

30․ Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։