Գիրք` 38. Նաում

Գլուխ 2

Նինվեի անկումը
   
1. Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։
2. Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։
3. Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրով են զգեստավորված, նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։
4. Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։
5. Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։
6. Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։
7. Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։
8. Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։
9. Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։
10. Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։
11. Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։
12. Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։
13. «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։