Աստծու պատասխանն Ամբակումին
1. Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։
2. Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա»։
3. Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։
4. Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։
Արդարության վճիռ
5. Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։
6. Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։
7. Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։
8. Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։
9. Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։
10. Շատ ազգերի կործանելով՝ անարգանք նյութեցիր քո տան համար և մեղանչեցիր քո կյանքով։
11. Որովհետև քարը պիտի աղաղակի պատից, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջից։
12. Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։
13. Ահա Զորքերի Տիրոջից չէ՞, որ ժողովուրդները կրակի համար են հոգնում և ժողովուրդները դատարկ տեղն են տանջվում։
14. Որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը։
15. Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։
16. Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։
17. Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։
18. Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։
19. Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։
20. Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: