Գիրք` 16. Բ Տիմոթեոսին

Գլուխ 3

Քրիստոսի հավատարիմ զինվորը
   
1. Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։

2. Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։

3. Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։

4. Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։

5. Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։

6. Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։

7. Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
8. Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի,

9. որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։

10. Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։

11. Հավաստի է այս խոսքը. «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։
12. Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք, եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։
13. Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։

   
Փորձված մշակը
   
14. Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։

15. Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։

16. Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ,

17. և նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակում են։ Նրանցից են Հիմենեոսն ու Փիլետոսը,

18. որոնք ճշմարտությունից շեղվել են՝ ասելով, թե մեռելների հարությունն արդեն իսկ եղել է, և ոմանց հավատը կործանում են։

19. Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։

20. Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։

21. Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։

22. Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։

23. Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։

24. Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ,

25. հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու

26. և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են՝ նրա կամքը կատարելու համար։