Գիրք` 16. Բ Տիմոթեոսին

Գլուխ 4

Ողջամիտ վարդապետության վկայումը
   
1. Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ.

2. քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։

3. Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։

4. Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։

5. Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր։

   
Բարի պատերազմի վախճանը
   

6. Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։

7. Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։

8. Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

   

Վերջին հանձնարարություններ
   

9. Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ,

10. որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա.

11. Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։

12. Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։

13. Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

14. Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։

15. Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։

16. Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։

17. Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։

18. Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

   

Վերջին ողջույններ
   

19. Ողջույններ Պրիսկային, Ակյուղասին և Օնեսիփորոսի ընտանիքին։

20. Երաստոսը Կորնթոսում մնաց, և Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։

21. Շտապի՛ր գալ՝ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են Եվբուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։

22. Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը ձեզ հետ։ Ամեն։