Ո՜վ երանելի եւ բարեպաշտ Թէոդոս մեծ թագաւոր.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր
թողուլ մեզ զմեղս մեր:
Որ երկրպագողդ ես Քրիստոսի
եւ հիմնադիր սուրբ հաւատոյս.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր
թողուլ մեզ զմեղս մեր:
Որ թագաւորաց ես ի յերկրի պարծանք
եւ ի յերկինս պսակեալ.
բարեխօս լեր վասն մեր առ Թագաւորն երկնաւոր
թողուլ մեզ զմեղս մեր:
(Շարակնոց)
Քրիստոսապսակ արքայ Թէոդոսը, որը մեր լեզուով կոչւում է Աստուածատուր, իբրեւ մի երկրորդ Կոստանդիանոս` իրապէս տրուած էր Աստծուց` Եկեղեցիների շինութեան եւ ուղղափառութեան հաստատութեան համար: Ազգութեամբ իսպանացի էր` Իտալիկէս քաղաքից, ու որդին էր մի պատուական մարդու, որին կոչում էին Թէոդոս Ոնորիոս: Նա զինուորագրուած էր կայսեր մօտ եւ առաջադէմ էր ամէն բանում, որի համար Վաղէս ու Վաղենտիանոս կայսրերի օրօք ստրատելատ, այսինքն՝ զօրավար ընտրուեց: Նա Տիրոջ օգնականութեամբ այլեւայլ տեղերում մեծամեծ քաջագործութիւններ էր անում, քանզի բարեպաշտ եւ Աստծուց երկիւղած մի այր էր՝ արդարակորով ու զօրաւոր ուժով: Նա իր զօրավարութեան ընթացքում թէպէտ երկու անգամ զօրքով ուղարկուեց ասպատակելու Հայոց աշխարհը` ընդդէմ կայսրերի դէմ ըմբոստացած Արշակ արքայի, սակայն խոնարհուելով մեր սուրբ հայրապետ Ներսէս Մեծի աղաչանքներին՝ մարդասիրութեամբ եւ խաղաղութեամբ դադարեցրեց բոլոր գործողութիւնները` առանց հեղելու որեւէ մէկի արիւնը: Իսկ երկրորդ անգամ, երբ հայերից պատանդներ էր վերցնում, յորդորեց Ներսէս Մեծին` Վաղէսի հետ հաշտուելու համար գալ Կոստանդնուպոլիս: Սակայն գործը վատ վերջաբան ունեցաւ, որովհետեւ Վաղէսը, լինելով արիոսական ու թշնամի հայերին, 378 թուականին աքսորել տուեց սուրբ հայրապետին:
«Շատ չանցած՝ Վաղէսը մեռաւ չարաչար մահով, եւ բովանդակ արեւմտեան ու արեւելեան կայսրութեանը տիրեց նրա եղբօր՝ Վաղենտիանոսի որդին՝ բարեպաշտ Գրատիանոսը՝ գահակից ունենալով իր փոքր եղբայր Վաղենտիանոսին: Սրանց օրօք քաջ զօրավար Թէոդոսն առաւել էր աչքի ընկնում իր սխրալի գործերով թէ՛ արքունիքում եւ թէ՛ պատերազմական գործողութիւններում, որի համար աւագանուց շատերը նախանձեցին նրա առաջադիմութեանը ու նրա դէմ չարութեամբ լցուեցին: Ուստի առաքինի զօրավարը որոշեց միառժամանակ հեռանալ իր երկիրը` Իսպանիա, որպէսզի իր պատճառով խռովութիւններ չառաջանան, եւ իր դէմ նենգութեամբ դաւեր չնիւթուեն:
Այդ օրերին զօրացել էին գոթացիներն ու հռոմէացիների այլ բարբարոս թշնամիները, որոնք Թրակիայի կողմերում աւերածութիւններով, կոտորածով եւ գերութիւններով մեծամեծ վնասներ էին հասցնում: Չհանդուրժելով այս ամէնը՝ Գրատիանոսը որոշեց մեծ զօրքով յարձակուել նրանց վրայ, բայց չգտնելով ընտիր զօրագլուխ՝ հրամայեց. «Այստեղ բերէ՛ք քաջ Թէոդոսին, քանզի միայն նա կարող է նուաճել թշնամիներին»: Ապա մեծ պատուով կանչել տուեց նրան ու նրա ձեռքը յանձնելով ընդհանուր սպարապետութեան ողջ իշխանութիւնը՝ ուղարկեց բարբարոսների դէմ: Թէոդոսը յարձակուելով կործանեց թշնամու ողջ զօրութիւնը եւ այնպիսի ահ ու սարսափ գցեց նրանց բանակի մէջ, որ նրանք, դառնալով իրար վրայ, սկսեցին միմեանց կոտորել: Եւ վերադառնալով մեծ յաղթանակով՝ շտապեց նախքան բանակի գալը անձամբ ողջոյն տանել ինքնակալին ու յայտնել պատերազմի բարեյաջող աւարտի մասին, որը եղաւ Տիրոջ օգնականութեամբ: Իսկ նախանձ բանսարկուներն սկսեցին գրգռել թագաւորին եւ ասել. «Արդեօ՞ք Թէոդոսի այդ անակնկալ գալուստը ցոյց չի տալիս, որ նա փախել է թշնամիների առջեւից»: Իսկ Գրատիանոսը, թէպէտ ականջ չէր դնում չարախօսներին, բայց երկմտում էր ու մտածում, թէ ինչպէ՞ս նա կարողացաւ արագօրէն այսպիսի յաղթանակ տանել: Այնժամ Թէոդոսն իր հաւատարիմ մարդկանց հետ մարտի դաշտ ուղարկեց այդ չարախօսներին, որպէսզի հաշուեն ընկած թշնամիներին եւ տեսնեն այն աւարը, որը ժողովել էր արքունի զօրքը:
Երբ նրանք գնացին, նոյն օրը Թէոդոս սպարապետը երազով մի տեսիլք տեսաւ. Անտիոքի երանելի Մելիտոս հայրապետը, որը դեռեւս կենդանի էր, բայց որին չէր տեսել, իր վրայ արքունական քղամիդ գցեց ու գլխին կայսերական պսակ դրեց: Եւ երբ այն պատմեց իր ծանօթներին, նրանք միաբան ասացին. «Աստուածային է այդ տեսիլքը, ու շուտով դու թագաւոր պիտի դառնաս»: Սակայն Թէոդոսը չէր ձգտում թագաւորութեան, որովհետեւ նա չէր փնտրում անցաւոր փառք եւ հարստութիւն:
Երբ մարտադաշտ ուղարկուած մարդիկ վերադարձան, յայտնեցին, որ հազարաւոր թշնամիներ են ընկել, ու Թէոդոսի ահն է պատել բոլոր բարբարոսներին, որի համար Գրատիանոսն անչափ ուրախացաւ: Ապա տեսնելով, որ ինքը միայնակ անկարող է վարել ամբողջ կայսրութեան ընդարձակատարածք իշխանութեան գործերը, արեւելեան սահմաններում թագաւոր կարգեց Թէոդոս սպարապետին եւ 379 թուականին Վաղէսի տեղը նրան կայսր հռչակեց:
Իսկ բարեպաշտ Թէոդոսը նախքան գործի անցնելը կամեցաւ Գրատիանոսի հաւանութեամբ յետ բերել Վաղէսի կողմից աքսորուած բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, նրանց թւում նաեւ՝ Ներսէս Մեծին, որին, աքսորավայրից Կոստանդնուպոլսի թագաւորական քաղաք բերելով, մեծապէս պատուի արժանացրեց: Նմանապէս Եկեղեցու բոլոր հովիւների հանդէպ սէր ու մեծ հպատակութիւն ցոյց տալով եւ նրանց որպէս Աստուծոյ փոխանորդներ ընդունելով՝ իր անձը համարում էր որպէս նրանց ծառան: Սակայն նա յոյժ նեղսրտում ու ցաւ էր ապրում ժամանակի բազմադիմի հերձուածողների, յատկապէս` արիոսականների երեսից Եկեղեցու պառակտման համար եւ այն շտկելու ու բարեկարգելու հնարներ էր որոնում:
Ապա Թէոդոսն իր թագաւորութեան առաջին տարում` 380 թուականին, սկիւթացիների դէմ մեծ յաղթանակ տանելուց յետոյ, երբ գնում էր Կոստանդնուպոլիս, Մակեդոնիայի Թեսաղոնիկէ քաղաքի մօտ հիւանդացաւ: Իրեն վտանգուած տեսնելով՝ շտապ կանչել տուեց քաղաքի ուղղափառ եպիսկոպոս Աքիւղասին, որը կապադովկեան Կեսարիայից էր, մի երեւելի այր եւ բարեկամ Մեծն Բարսեղին: Նրանից խնդրեց սուրբ մկրտութիւն, որը դեռեւս չէր ստացել` շատերի կողմից ժամանակի դժպատեհ սովորութեան պատճառով, որոնք փրկութեան Դեղը թողնում էին վերջին օրուան: Երբ մկրտուեց, քիչ օրեր անց կատարելապէս ապաքինուեց ու իր ամբողջ տէրութեան մէջ տարածեց մի հրովարտակ, ըստ որի՝ բոլոր վայրերում պէտք է քարոզուէր միայն Նիկիական հաւատքը, եւ ուղղափառ կոչուէին միայն նրանք, ովքեր դաւանում են այդ հանգանակը, իսկ հրաժարուողները համարուէին հերձուածողներ:
Սրանից յետոյ ուղղուեց դէպի իր թագաւորանիստ քաղաքը, ուր քաղաքից դուրս դիմաւորելով նրան՝ ընդառաջ եկաւ ու մեծ փառքով ընդունեց սուրբ Գրիգոր Աստուածաբանը, որն ուղղափառների դասի հովուապետութեան համար նոր էր նստել Կոստանդնուպոլսի պատրիարքութեան Աթոռին: Աստուածասէր թագաւորը, մեծապէս պատուելով սուրբ հայրապետին, նրա խորհրդով ձեռնարկեց քաղաքը մաքրել արիոսականներից եւ վերստին հրաման արձակեց, ըստ որի՝ ովքեր կամենում են բնակուել թագաւորանիստ քաղաքում, պէտք է ընդունէին Նիկիական դաւանանքը, իսկ հրաժարուողները պէտք է հեռանային: Այնժամ շատերը հեռացան, նրանց թւում՝ նաեւ եպիսկոպոսներ, որոնք քառասուն տարուց ի վեր Եկեղեցին պահում էին Արիոսի չար աղանդի մէջ, իսկ նրանց փոխարէն կարգուեցին ուղղափառ եպիսկոպոսներ: Եւ այս ամէնի համար Թէոդոս թագաւորն ու Գրիգոր Աստուածաբանը արիոսականներից մեծ նեղութիւններ կրեցին:
Սակայն քաղաքում դեռեւս կային շատ հոգեմարտներ, որոնք Մակեդոնի համախոհներն էին, նաեւ եւնոմէականներ եւ Ապողինարի կուսակիցներ: Այդ պատճառով բարեպաշտ կայսրը մտադրուեց եպիսկոպոսական մեծ ժողով գումարել ու մոլորեալներին ճշմարտութեան ճանապարհին բերել: Նա կամեցաւ ժողովի միջոցով միանգամայն դադարեցնել թեմերի եւ աստիճանների համար հովիւների միջեւ եղած բոլոր տարաձայնութիւններն ու վէճերը եւ յատկապէս վճռել Կոստանդնուպոլսի Աթոռի հարցը, որի համար ոմանց կողմից Աստուածաբանի փոխարէն առաջադրուել էր Մաքսիմոս անունով անարժան մէկը:
Այս բոլոր հարցերի համար 381 թուականին Կոստանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով: Մասնակցում էին 150 հայրապետներ, որոնց մէջ երեւելի էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Մինչ ժողովն սկսելը, թագաւորին ողջունելու համար եպիսկոպոսները հաւաքուեցին արքունի պալատում: Իսկ արքան պատուիրել էր, որ ոչ ոք իրեն չյայտնի, թէ նրանցից ով է Անտիոքի Մելիտոս անունով պատրիարքը, «քանզի,- ասում էր,- թերեւս ես ինքս ճանաչեմ», որովհետեւ չէր մոռանում նրան, ում նախքան թագաւորելը տեսել էր տեսիլքով: Երբ բոլորին աչքի անցկացրեց, իսկոյն ճանաչեց երանելի Մելիտոսին` ճիշտ նոյն այն տեսքով, ինչպէս որ տեսել էր: Անմիջապէս ընթացաւ դէպի նա, ընկաւ հայրապետի պարանոցով ու անյագ փափագմամբ համբուրեց նրա սուրբ աջը: Ապա պատմեց նրան, թէ ինչպէս է մինչեւ թագաւորելը նախապէս տեսել իրեն եւ թէ ինչպէս է պսակուել իր ձեռքով:
Ժողովն սկսուելուց շատ չանցած՝ հիւանդացաւ երանելի Մելիտոսը, որն արդէն յոյժ ծերացել էր, ու փոխուեց առ Աստուած:
Արդ, այս ժողովում հաստատուեց Նիկիական հաւատքը, եւ հերքուեց հոգեմարտ մակեդոնականների մոլորութիւնը, նաեւ Կոստանդնուպոլսի Աթոռից մերժուեց Մաքսիմոս Աղեքսանդրացին, որը շնական կոչուող իմաստասէրների աղանդի հետեւորդ էր: Բայց որոշ չար մարդկանց պատճառով Գրիգոր Աստուածաբանը հրաժարուեց այդ պատուից, ու Աթոռին պատրիարք կարգուեց Նեքտարիոս Կոստանդնուպոլսեցին: Ուրախ եղաւ Մեծն Թէոդոսը այդ կարեւոր ժողովի բարեյաջող աւարտի համար եւ հայրերից իւրաքանչիւրին պատուով արձակեց իր տեղը, այդ թւում նաեւ սուրբ Ներսէսին` դէպի Հայաստան:
Սրանից յետոյ բարեպաշտ արքան չէր դադարում առանձին ժողովների միջոցով հնարներ գտնել ուղղափառ Եկեղեցուց հեռացած եպիսկոպոսներին շահելու համար: Մէկ-մէկ քննել էր տալիս իւրաքանչիւրի դաւանաբանական թղթերն ու ստէպ-ստէպ աղօթում Եկեղեցու կարգաւորութեան համար: Այս կերպով նա շատերին շահեց, իսկ յամառողներին հեռացրեց, որպէսզի Քրիստոսի հօտի մէջ գայլեր չգտնուեն: Նրանցից մէկն էր անօրէն Եւնոմէոս աղանդապետը, որին աքսորելով հեռացրեց սահմաններից, ուր եւ վախճանուեց, իսկ ուղղափառութեան ջատագովներին նա մեծապէս պատւում էր սիրով ու ճշմարիտ հաւատի խոստովանութեան համար նահատակուածներին արժանաւոր կարգով մեծարում: Այդ օրերին Անկիւրիայից (Անկարա) Կոստանդնուպոլիս բերել տուեց սուրբ Պօղոս Խոստովանողի մարմինը, որն աքսորուած էր եղել փոքր Հայքի Կոկիսոն քաղաք եւ Կոստանդ թագաւորի ժամանակ նահատակուել էր արիոսականների կողմից: Նա սուրբի մարմինն ընդունեց մեծաշուք փառքով ու զետեղեց վկայարանում, որը կոչուեց նրա անունով:
383 թուականին Թէոդոս ինքնակալը, ըստ թագաւորական օրէնքի, իրեն գահակից դարձրեց իր աւագ որդուն` Արկադէոսին, որն այդ ժամանակ վեց տարեկան էր: Կամենալով նրան կրթել բարեպաշտութեամբ եւ իմաստութեամբ՝ որդու դաստիարակութեան համար Հռոմի Գրատիանոս արքայից խնդրեց իր մօտ ուղարկել իմաստուն մէկին: Իսկ նա Դամասոս պապի ձեռքով ընտրեց ու ուղարկեց Հռոմի Եկեղեցու Արսէնիոս սարկաւագին, որը նախկինում փառաւոր իշխան էր, բայց յետոյ եղաւ սքանչելի անապատական եւ կոչուեց հայր Արսէն: Թագաւորն իր որդուն յանձնեց նրան ու ասաց. «Այսուհետեւ ինձնից առաւել դու կը լինես սրա հայրը»:
Մի օր, երբ թագաւորը եկաւ տեսնելու իր որդու դաստիարակութեան ընթացքը, տեսաւ, որ Արսէնը կանգնած էր, իսկ մանուկ Արկադէոսը, զարդարուած արքայական պսակով եւ շուքով բազմած, ուսուցչից դաս էր առնում: Զայրացաւ հայրն ու ասաց. «Ինչո՞ւ է աշակերտը նստած, իսկ ուսուցիչը` կանգնած»: Իսկ Արսէնը պատասխանեց. «Մի՛ նեղուիր, տէ՛ր իմ արքայ, քանզի անհնար է ինձ նստած ուսուցանել ինքնակալի որդուն` իր հօր աթոռակցին»: Այնժամ թագաւորը, երկարելով ձեռքը, Արկադէոսի գլխից հանեց պսակը եւ նրան հրամայեց բաց գլխով կանգնել ուսուցչի առջեւ, իսկ Արսէնին հարկադրեց, որ նստի: «Քանզի,- ասաց,- իմ որդին ինքնակալութեան արժանի կը լինի այն ժամանակ, երբ գիտութեան հետ միաժամանակ կրթուի ու գերազանց լինի նաեւ աստուածապաշտութեան եւ քաղաքավարութեան մէջ»: Յետագայում սոյն օրինակով դաստիարակուեց նաեւ Թէոդոսի կրտսեր որդին` Ոնորիոսը, որն այդ ժամանակ նորածին մանուկ էր:
Ապա թագաւորական քաղաքում դարձեալ հակառակութիւններ սկսուեցին ուղղափառների ու արիոսականների եւ պէս-պէս հերձուածողների միջեւ: Որոշ սուտ եպիսկոպոսներ իրենց չար որոմները տարածելու համար դեգերում էին Բիւզանդիայի սահմանների շրջակայքում եւ կամենում կամաց-կամաց սողոսկել թագաւորանիստ քաղաք, այնտեղ ժողովներ գումարել ու բանավիճել ուղղափառների հետ: Մտածում էին կեղծապատիր հնարքներով համոզել արքային, որ թոյլ տայ ունենան իրենց առանձին Եկեղեցին եւ ապրեն խաղաղութեամբ, որի համար էլ արիոսական եպիսկոպոսներն սկսեցին հանդիպել թագաւորին ու օրըստօրէ աւելի շատ աղաչանքներ մատուցել նրան: Իսկ բարեպաշտ Թէոդոսը թէպէտ չզիջեց նրանց, բայց նաեւ մեծ հնազանդութիւն ունենալով եկեղեցական կարգ ունեցողների հանդէպ՝ չկամեցաւ բռնութիւն գործադրել նրանց վրայ կամ հալածել, այլ կամեցաւ սիրով վարուել նրանց հետ եւ առանձին ժողով գումարելով՝ խաղաղութեամբ լուծել բոլոր հարցերը:
Սա տեսնելով՝ ուղղափառ եպիսկոպոսներն ու սուրբ այրերը, վախենալով, որ արիոսականները դարձեալ կը զօրանան, յաճախակի գնում էին թագաւորի մօտ, որպէսզի նա յանկարծ չարափառներին տեղ չտայ: Մի օր նրանց հետ թագաւորի մօտ եկաւ Իկոնիայի սուրբ Ամփիլոքիոս եպիսկոպոսը` Բարսեղ Կեսարացու աշակերտը: Երբ բոլոր եպիսկոպոսները խոնարհուեցին արքայի եւ նրա մօտ բազմած գահակից արքայորդի Արկադէոսի առջեւ, Ամփիլոքիոսը պաշտօնապէս միայն արքային ողջունեց, իսկ նրա որդուն` ոչ: Դեռ աւելին` սկսեց ձեռքով կատակել, ծաղրել ու նեղացնել մանկանը: Այս վարմունքը խիստ ծանր թուաց Թէոդոսի աչքին եւ ասաց եպիսկոպոսին. «Հա՛յր սուրբ, օրհնի՛ր ու ողջունի՛ր նաեւ իմ թագադրուած որդուն»: Եպիսկոպոսը նրան ասաց. «Դու` որպէս թագաւոր, բաւական ես մեզ, իսկ դրան կը պատուենք արքայի ծառաների շարքում»: Այս խօսքերից առաւել բարկանալով՝ Թէոդոսն իր մարդկանց նշանացի կերպով ակնարկեց եպիսկոպոսին հեռացնել իր առջեւից: Այնժամ Ամփիլոքիոսն ասաց. «Արդարացի է քո ցասումը, ո՛վ բարեպաշտ ինքնակալդ: Սակայն իմացի՛ր, որ նոյն կերպով Երկնաւոր Հայրն է բարկանում, երբ տեսնում է Իր Միածին Որդուն` անարգուած չարափառների կողմից: Եւ եթէ դու, որ մահկանացու ես, չես հանդուրժում քո որդու անպատւութիւնն ու նրան ծառաների հետ հաւասարեցնելը, ապա անմահն Աստուած եւ ամենակալ Բարձրեալը ինչպէ՞ս կարող է հանդուրժել Իր Միածնին արարած կոչելը»: Եպիսկոպոսի խօսքերից թագաւորը երկիւղեց ու խորապէս զղջաց: Թողութիւն խնդրեց նրանից եւ այնուհետեւ առաւել մեծ զգուշութիւն պահեց: Քաղաքից ու նրա սահմաններից հալածեց բոլոր արիոսականներին եւ նրանց համախոհներին ու խիստ հրաման արձակեց, որ որեւէ մէկը ժողովրդի մէջ չվիճաբանի աստուածութեան խորին խորհրդի շուրջ եւ պատճառ չդառնայ անգէտների կործանմանը:
Իսկ Թէոդոսի կինը` Արկադէոսի ու Ոնորիոսի մայրը եւ թագուհի Փլակիղէն, իր առաքինազարդ վարքով ու աղքատների եւ հիւանդների հանդէպ մարդասիրութեամբ բարի օրինակ էր իր ամուսնու համար: Քանզի շրջելով հիւանդանոցներով՝ անձամբ սպասաւորում էր ցաւագնոտներին ու հոգում նրանց կարիքները, իր ձեռքերով կերակրում եւ յագեցնում նրանց, ու իբրեւ մի աղախին՝ ծառայում էր բոլոր յետին գործերում: Եւ այսպիսի գովելի վարքով 385 թուականին փոխուեց Տիրոջ մօտ` սուգի մատնելով բարեպաշտ Թէոդոսին ու իր որդիներին:
Երեք տարի անց` 388 թուականին, Անտիոք քաղաքի բնակչութիւնն ըմբոստացաւ արքունիքի դէմ: Պատճառը հարկերի ծանրութիւններն էին, որոնք գանձւում էին բոլոր կողմերից եկող պատերազմների կարիքների համար: Քաղաքում մեծ աղմուկ եւ խռովութիւն բարձրացաւ, ու քիչ անկարգութիւններ չեղան յատկապէս խառնիճաղանջ ամբոխի կողմից: Նրանք թագաւորի հանդէպ ատելութիւնից տապալեցին Փլակիղէ թագուհու պղնձաձոյլ արձանը, որը կանգնեցուած էր մի երեւացող բարձր տեղում, եւ անարգանքներով քարշ տուեցին հրապարակների միջով: Երբ թագաւորն իմացաւ այս յանդգնութեան մասին, լցուեց անասելի բարկութեամբ ու սպառնաց սրի քաշել ողջ քաղաքը, յետ վերցրեց Անտիոք քաղաքին ընձեռած «քաղաքների մայր» կոչուող պատիւը եւ այն շնորհեց Լաւոդիկէ քաղաքին:
Բայց Անտիոքի իշխանները, կամենալով հաճոյանալ թագաւորին, բռնեցին ու սպանեցին գլխաւոր ապստամբներին, սուսերամերկ յարձակուեցին քաղաքացիների վրայ եւ նրանցից շատերին կոտորեցին: Մինչ այս ամէնին տեղեակ լինելը, թագաւորն իր երկու երեւելի զօրապետներին` Եղիբիկոսին ու Կեսարիոսին, մեծ սպառնալիքներով ուղարկեց Անտիոք: Երբ նրանք քաղաք մտան, բոլոր բնակիչները խուճապահար տագնապեցին: Այդ ժամանակ քառասնորդական պահքի օրերն էին: Սքանչելի Յովհաննէսը` նորընծայ ընտրեալ քահանան, որը յետոյ Ոսկեբերան կոչուեց, ողջ օրը քարոզում էր Անտիոքի Եկեղեցում, յանդիմանում ժողովրդին գործած չարիքների համար եւ անդադար յորդորում էր աղօթել Աստծուն, որպէսզի մարի թագաւորի ու նրա ծառաների ցասումը: Նոյնն էր անում նաեւ քաղաքի Փղաբիանոս պատրիարքը, որը, իր անձը դնելով հօտի համար, գնաց Թէոդոս ինքնակալի մօտ` յուսալով հաշտեցնել նրան: Փղաբիանոսին գործակից եղան նաեւ անապատի մենակեացները, որոնք, իջնելով քաղաք, աղաչում էին Թէոդոսի ծառաներին խնայել ժողովրդին:
Մենակեացների մէջ կար Ապողոն կամ Մակեդոն անունով մի սուրբ ծեր: Սա, ճանապարհին հանդիպելով Թէոդոսի երկու զօրապետներին, որոնք գնում էին երիվարներին հեծած, բռնեց նրանցից մէկի հանդերձի քղանցքից եւ խնդրեց, որ ցած իջնի: Զօրապետները խոժոռուեցին, բայց շուրջը գտնուողները նրանց ասացին. «Այս ծերունին Աստուծոյ մարդն է, լսեցէ՛ք նրան, թէ ինչ է ասում»: Այնժամ անմիջապէս իջան երիվարներից ու խոնարհուեցին սուրբ ծերունու առջեւ: Իսկ նա զօրապետներին պատուիրեց բարեխօսել արքայի մօտ եւ մեղմել նրա ցասումը ու նոյնօրինակ բովանդակութեամբ նրանց հետ նամակ ուղարկեց թագաւորին, որում գրուած էր. «Իմացի՛ր, ո՛վ թագաւոր, որ մենք, հանապազ մեղանչելով, մեր մարմիններում անարգում ենք մեր հոգիներին, որոնք Աստուծոյ պատկերն ունեն, իսկ մեր պատուիրանազանցութեամբ անարգում ենք անձամբ Աստծուն, որի համար դու չես ցաւում եւ չես բարկանում: Թագուհու պղնձէ պատկերի՝ ասես թէ քո պատկերի անարգանքի համար լցուել ես սաստիկ բարկութեամբ ու սպանում ես Աստուծոյ պատկերն ունեցող մարդկանց: Իմացի՛ր, որ պղնձէ պատկերներ շատ կարող ես ստեղծել, բայց Աստուծոյ պատկերով մարդ` ո՛չ երբէք, եւ ոչ էլ կարող ես գլխից մի մազ սպիտակեցնել կամ սեւացնել»:
Թագաւորը, կարդալով նամակը ու միաժամանակ լսելով Փղաբիանոս հայրապետի աղերսները, պատկառեց նրանից եւ հանգցրեց իր ցասումը: Հաշտուեց քաղաքի հետ ու Փղաբիանոսին խաղաղութեամբ ճանապարհելուց յետոյ նրանից առաջ սուրհանդակներ ուղարկեց` ժողովրդին հաշտութիւն աւետելու համար: Մեծ ուրախութեամբ լցուեցին անտիոքացիները, եւ նրանց սուգը փոխուեց ցնծութեան, իսկ երանելի Յովհան Ոսկեբերանը մեծ գովասանական քարոզ կարդաց քրիստոսասէր թագաւորի մարդասիրութեան համար:
Սրանից յետոյ Թէոդոսը պատերազմ սկսեց բրիտանացիների Մաքսիմոս բռնաւորի դէմ, որը դաւադրութեամբ սպանել էր ինքնակալ Գրատիանոսին ու բռնութեամբ տիրել Արեւմուտքին: Զօրագնդով շտապ հասաւ արեւմտեան սահմանները եւ երկու-երեք անգամ յարձակուելով՝ հարուածեց նրա զօրքերին ու իսպառ ոչնչացրեց, իսկ Մաքսիմոսին բռնեցին եւ կապուած վիճակով յանձնեցին Թէոդոսին: Այսպէս հեշտութեամբ արքան գլուխ բերեց կատարեալ յաղթանակ, որը նախապէս կանխատեսել էր սուրբ մենակեաց, իմաստուն Յովհաննէս Եգիպտացին:
Երբ Մաքսիմոսին կապուած բերեցին Թէոդոսի առջեւ, կայսրը, տեսնելով նրա ողորմելի վիճակը, գթաց նրան ու սկսեց մեղմօրէն խօսել նրա հետ: Այնժամ արքունի զինուորները շտապ հեռացրին բռնաւորին արքայի մօտից եւ ջախջախեցին նրա գլուխը, որպէսզի արքայից ներում չգտնէր, ապա Թէոդոսը Վաղենտիանոս կայսեր հետ գնաց Հռոմ ու նրան հաստատեց իր եղբօր` Գրատիանոսի Աթոռին: Մեծ տօնակատարութիւնից յետոյ վերացրեց այդ քաղաքում հեթանոսութիւնից մնացած անկարգ սովորութիւնները եւ ապա խաղաղութեամբ դարձաւ Կոստանդնուպոլիս:
Այդ ժամանակներում` 390 թուականին, Թեսաղոնիկէ քաղաքում մեծ խռովութիւն ծագեց. տեղի քաղաքացիները սպանեցին լիւրիկեցիների զօրքի իշխան Բոտերիկոսին, իսկ զօրապետներից ոմանց քարկոծեցին: Երբ լուրը, չարախօսութիւններով հանդերձ, բանսարկու մարդկանց միջոցով հասաւ Թէոդոս ինքնակալին, նա, սրտմտութիւնից այրուելով, զօրք ուղարկեց Թեսաղոնիկէի վրայ, որը, գազանաբար ու անխտիր կերպով յարձակուելով մեծերի եւ փոքրերի, տղամարդկանց ու կանանց, ծերերի եւ մանուկների, օտարականների ու տեղացիների, մեղաւորների եւ անմեղների վրայ, 7000 (ըստ ոմանց էլ` 15000) հոգի դիաթաւալ արեց քաղաքով մէկ, շատ-շատերին էլ վիրաւորեց ու խեղանդամ դարձրեց:
Այս արիւնալի դէպքերից որոշ ժամանակ անց, երբ թագաւորը, անցնելով Իտալիայի Միգուլէ (Միլան) քաղաքով, կամեցաւ ըստ իր սովորութեան մտնել Եկեղեցի, այնժամ նրա առջեւ ելաւ քաղաքի եպիսկոպոս եւ քաջ հովիւ, Աստուծոյ այր Ամբրոսիոսը: Նա, բռնելով արքայի ծիրանուց, կանգնեցրեց նրան տաճարի մուտքի սրահում, արգելեց ոտք դնել Աստուծոյ տան շեմքին ու ասաց. «Ո՞ւր ես ուզում մտնել, ա՛յր արիւնարբու: Չե՞ս ամաչում արդեօք, ինչպէ՞ս կարող ես արեամբ շաղախուած մտնել Տիրոջ տաճարը եւ ոտք դնել սուրբ Եկեղեցու գաւթում: Մի՞թէ մոռացար այն չարիքները, որոնք գործեցիր, կամ թէ արքունի շո՞ւքդ է կուրացրել հոգուդ աչքերը, որ չերկնչես արդարադատ Աստուծոյ վերին դատաստանից: Ի՞նչ աչքերով պիտի համարձակուես նայել Տիրոջ սուրբ խորանին, կամ ինչպէ՞ս պէտք է անմեղների արեամբ շաղախուած ձեռքերդ բարձրացնես աղօթելու ու պղծուած ձեռքերով ինչպէ՞ս պիտի ընդունես Տիրոջ պատուական Մարմինը: Ինչպէ՞ս պիտի մերձեցնես շուրթերդ Աստուծոյ Որդու Արեանը, երբ անգթութեամբ այդքան անմեղ արիւն հեղեցիր: Դարձի՛ր, շուտ յե՛տ դարձիր, եւ թող քեզ վրայ ընկնի այն կապանքը, որն Աստուած է տալիս իմ բերանով, մինչեւ այն օրը, երբ Երկնաւոր Բժշկի ձեռքով կ’առողջանայ հոգիդ քո թարախալից վէրքերից»: Սարսեց թագաւորը Աստուծոյ մարդու բերանից ելնող այս հրաբուխ խօսքերից, յոյժ ամօթահար յետ դարձաւ ու դառն արտասուքներով եւ հեծեծանքներով ասաց. «Ո՛վ սուրբ հայրապետ, հնազանդ եմ քո աստուածադիր հրամաններին, ինձ ապաշխարութեան ժամանակ տուր»: Զարմացան բոլոր ներկայ գտնուողները ու չիմացան, թէ ինչի վրայ առաւել սքանչանային՝ սուրբ հայրապետի աներկիւղ համարձակութեա՞ն, թէ՞ աստուածասէր թագաւորի խոնարհ հպատակութեան:
Անցաւ ութ ամիս, եւ մօտեցաւ Քրիստոսի հրաշափառ Ծննդեան մեծ տօնի օրը: Հաւատացեալները հոծ բազմութեամբ ընթանում էին դէպի Աստուծոյ Եկեղեցին, իսկ Թէոդոս արքան, փակուած պալատի իր սենեակում, դառնապէս լաց էր լինում: Ներս մտաւ Ռուփինոս զօրապետը ու տեսնելով թագաւորին ողբի մէջ՝ հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տէ՛ր իմ արքայ»: Թագաւորը, սրտի խորքերից հառաչելով եւ հեկեկալով, ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում դառնացած հոգուս, մի՞թէ անտեղեակ ես իմ անտանելի ցաւերին: Ահա իմ ծառաներն ու երկրի մուրացիկներն ազատ եւ արձակ են ամէն տեղ, իսկ ես` թագաւորս, կապուած եմ երկնքում ու երկրի վրայ, քանզի քաջ գիտեմ տէրունական հրամանը, որն ասում է. «Ում որ կապէք երկրի վրայ, թող կապուած լինի երկնքում»: Այդ պատճառով երկնքի դռները փակուած եմ տեսնում իմ առջեւ, ինչպէս որ փակ է երկրի վրայ Աստուծոյ տան դուռը: Այսօր տեսնում եմ, որ իւրաքանչիւր ոք մտնում է Աստուծոյ տունը, որպէսզի վայելի այսօրուայ տօնի երկնաւոր պարգեւները, եւ միայն ես եմ զրկուած դրանցից»: Ռուփինոսն ասաց. «Արքա՛յ իմ, ես այժմ շտապ հայրապետի մօտ կը գնամ ու կ’աղաչեմ նրան, որ արձակի քեզ: Չէ՞ որ արդէն քո ապաշխարութեան ութերորդ ամիսն է»: Թագաւորն ասաց. «Չե՛մ հաւատում, թէ նա կը լսի քեզ, կամ քեզնից պատկառելով՝ կ’արհամարհի իր Աստուծոյ Օրէնքը, մինչեւ չտեսնի, որ լրացել է ապաշխարութեան ժամանակը: Ամբրոսիոսը չի ակնածում երկրաւոր արքայի ծիրանուց, այլ նա Երկնաւոր Թագաւորի հաւատարիմ ծառան է»:
Սակայն Ռուփինոսը, վստահ լինելով, որ կը համոզի հայրապետին, շտապ գնաց նրա մօտ, իսկ թագաւորը ճանապարհ ընկաւ նրա յետեւից՝ յոյս ունենալով, որ թերեւս Ռուփինոսը կ’օգնի իրեն:
Երբ եպիսկոպոսը տեսաւ Ռուփինոսին եւ իմացաւ նրա գալստեան պատճառը, ասաց. «Յորդորիչնե՛ր չարիքների ու անօրէնութեան խրատատունե՛ր, դուք, որ գլխովին կցորդ էք նրա մեղքերին, ո՞ւմ համար էք եկել բարեխօսելու»: Ռուփինոսը լալագին ընկաւ եպիսկոպոսի ոտքերը եւ ասաց. «Ահա թագաւորը գալիս է քո ոտքը՝ բարեխօս ունենալով այս տօնի խորհուրդը»: Իսկ սքանչելի Ամբրոսիոսը, վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ, ասաց. «Ասե՛մ քեզ, Ռուփինոս, ոչ մի կերպ չեմ կարող յանձն առնել ընդունելու նրան Աստուծոյ տան յարկը: Նա պէտք է սպասի տաճարի գաւթում այնքան ժամանակ, մինչեւ որ նրա վրայ կը տեսնեմ կատարեալ ապաշխարողի նշանները: Իսկ եթէ նա, ինքնակալութիւնը բռնակալութեան փոխարկելով, կամենայ ուրիշների պէս ինձ եւս սպանել, յօժարութեամբ պատրաստ եմ մահուան, բայց չապաշխարած արիւնարբուին Եկեղեցի չե՛մ թողնի»: Այնժամ Ռուփինոսը շտապ մարդիկ ուղարկեց արքային ընդառաջ, որպէսզի իզուր չգայ այդտեղ, այլ յետ դառնայ պալատ, որովհետեւ եպիսկոպոսը չի ընդունի իրեն: Երբ ճանապարհին Թէոդոսը լսեց այս մասին, ասաց. «Այդպէս չի՛ լինի, ես ինքս կը գնամ իմ հովուի ու իմ հոգու տեսչի մօտ եւ անձամբ նրանից կ’առնեմ իմ յանցանքների արժանի նախատինքը»: Հասնելով Եկեղեցի՝ թագաւորը ներս չմտաւ, այլ կանգնեց մուտքի մօտ ու բարձրաձայն գոչելով՝ իրեն կապանքներից արձակում խնդրեց: Իսկ սուրբ հայրապետը, որը նստել էր Եկեղեցու բեմի առջեւ, լսելով թագաւորի ձայնը, դուրս եկաւ եւ ասաց նրան. «Չյանդգնես ու չհամարձակուես բռնութեամբ Աստուծոյ Եկեղեցի մտնել եւ ոտքի տակ գցել Տիրոջ Օրէնքը»: Թագաւորն ասաց. «Ո՛չ, հա՛յր սուրբ, առանց քո կամքի ոչինչ չեմ անի, միայն արձակի՛ր ինձ իմ մեղքերի կապանքներից, աղաչում եմ քեզ, ու իմ առջեւ մի՛ փակիր տաճարի դուռը, որն Աստուած բաց է պահում բոլոր ապաշխարողների առջեւ»: Ամբրոսիոսն ասաց. «Դու ինչպէ՞ս ապաշխարեցիր, որ քեզ թոյլ տամ Եկեղեցի մտնել, կամ յոյժ խոցոտուած վէրքերիդ համար ի՞նչ բժշկութեան դեղ ընդունեցիր»: Թագաւորն ասաց. «Հա՛յր սուրբ, դո՛ւ պէտք է տաս դեղամիջոցները եւ դո՛ւ պէտք է սպեղանիներ դնես իմ վէրքերին, իսկ ես անընդդիմադարձ կամքով կ’ընդունեմ դրանք: Կատարել եմ այն ամէնը, ինչ որ պատուիրել ես անել ութ ամսում` պահք, աղօթք ու ողորմութիւն: Եւ այժմ էլ ինչ որ կը հրամայի սրբութիւնդ, ահաւասիկ` առջեւդ եմ»: Այնժամ սուրբ հայրապետն ասաց. «Բարկասիրտ ու խիստ ես յանցաւորների հանդէպ, դիւրագայթ` չարախօսների եւ զրպարտիչների խօսքերից, իսկ դատաստանի իրաւունքը պահում ես ցասմանդ թելադրանքի ներքոյ, ուր վճռատու է լինում ոչ թէ բանականութիւնդ, այլ՝ բարկութիւնդ: Արդ, այժմ քո ձեռքով գրի՛ր մի արքունի հրաման, ըստ որի՝ թող երեք օրուայ մէջ քննութեան ենթարկուեն բոլոր զրպարտիչների չարախօսութիւնները, որոնք ասուել են քո առջեւ: Թող մահուան արժանի յանցաւորները պահուեն երեսունից քառասուն օր, մինչեւ որ ամէն ինչ բացայայտուի: Իսկ եթէ այդչափ օրեր անցնելուց յետոյ այլ համոզում ունենաս, թող քեզ ծանր չթուայ ունայնացնել նախկին հրամանդ կամ մահուան դատակնիքը, որը գրեցիր: Թող այս օրէնքը գործադրուի ու հաստատութեամբ պահուի քո իշխանութեան տակ գտնուող բոլոր դատաւորների եւ իշխանների կողմից»: Սա լսելով՝ Թէոդոս արքան խիստ զարմացաւ սուրբ եպիսկոպոսի իմաստուն խրատի վրայ ու անմիջապէս յօժարութեամբ գործադրեց նրա պատուէրը. գրել տուեց հրովարտակներ եւ իր ձեռքով հաստատելուց յետոյ ուղարկեց բոլոր դատաւորներին: Եւ ապա եպիսկոպոսը թագաւորին արձակեց կապանքներից ու թոյլ տուեց նրան Եկեղեցի մտնել:
Արքան ահուդողով ներս մտաւ Եկեղեցու գաւիթ եւ ընկնելով երեսի վրայ՝ տաճարի յատակը թրջեց յորդառատ արտասուքներով: Աղօթում էր երեսը գետնին հպած ու ասում. «Իմ անձը հողին մերձեցաւ, Տէ՜ր, ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո Խօսքի»: Սա ասելով՝ բախում էր կուրծքը եւ խփում իր գլխին, փետում էր մազերն ու Աստծուց թողութիւն խնդրում: Ժողովուրդը, այս տեսարանից զգացուած, սրտաճմլիկ ձայնակից էր լինում թագաւորին եւ նրա հետ ողբալով՝ դառնապէս լաց լինում:
Հասաւ ընծայաբերման ժամը, երբ հաւատացեալները, ըստ օրէնքի, պէտք է սուրբ Սեղանին մատուցէին իրենց ընծաները: Թէոդոս արքան եւս մօտեցաւ բեմին, մատուցեց իր ընծաներն ու կանգ առաւ դասի վանդակապատ հատուածի ներքնակողմում, ինչպէս որ օրէնք էր Կոստանդնուպոլսի թագադրուած թագաւորների համար: Այս անգամ եւս երանելի Ամբրոսիոսը դարձեալ նրան խոնարհեցնելու համար ասաց. «Ըստ կանոնների՝ սովորութիւն չկայ, որ թագաւորները նստեն վանդակի ներքնակողմում: Ինչո՞ւ ես այստեղ կանգնել»: Արքան ասաց. «Սպասում եմ, մինչեւ որ ընդունեմ աստուածային Խորհուրդը»: Հայրապետն իր սարկաւագի միջոցով թագաւորին ասաց. «Ներքնակողմը միայն քահանաների համար է, իսկ ժողովրդի համար՝ լինի թագաւոր թէ ծառայ, այդ տեղն անմերձենալի է: Այդ պատճառով լաւ կը լինի, որ յետ գնալով՝ հաւասարուես ժողովրդին, քանի որ արքունական ծիրանիդ ցոյց է տալիս, որ դու արքայ ես եւ ոչ թէ քահանայ: Ու բացի դրանից` պէտք է, որ դու խոնարհաբար կանգնես ժողովրդից յետ, մինչեւ որ իսպառ սրբուես քո բոլոր արիւնոտ գործերից: Յիշի՛ր, թէ որքան մայրեր որդեկորոյս եղան, որքան հայրեր` անզաւակ, որքան եղբայրներ՝ առանց եղբօր եւ որքան քոյրեր` առանց հարազատների»: Այս խօսքերին եւս սիրով խոնարհուեց հեզ Թէոդոսը ու յօժարութեամբ ընդունեց եպիսկոպոսի հրամանը, միայն սարկաւագի միջոցով նրան փոխանցեց, թէ` «Ոչ թէ յանդգնութեամբ համարձակուեցի կանգնել վանդակի ներքնակողմում, այլ ինչպէս որ գիտէի Կոստանդնուպոլսի օրէնքներից, կամեցայ այնպէս վարուել: Շնորհակալ եմ սուրբ հայրապետից նաեւ այս խրատի համար»: Ապա թագաւորը խոնարհամտութեամբ եւ զուարթ դէմքով դուրս եկաւ ու յօժարակամ կանգնեց ապաշխարողների շարքում: Ահա թէ առ Աստուած ինչպիսի հաւատ եւ երկիւղ ունէր թագաւորը ու ինչպիսի սէր եւ հնազանդութիւն` Նրա քահանաների հանդէպ: Իսկ բարեպաշտութեան այս կարգը, որ Մեծն Թէոդոսը սովորեց Մեծն Ամբրոսիոսից, անփոփոխ պահեց նաեւ իր թագաւորանիստ քաղաքում: Քանզի երբ դարձաւ Կոստանդնուպոլիս, պատահեց, որ տօնախմբութեան օրը պէտք է Եկեղեցուն ընծաներ մատուցէր: Նա իր ընծան դրեց Սեղանին ու անմիջապէս շտապեց վանդակից դուրս գալ: Իսկ քաղաքի Նեքտարիոս պատրիարքը, չհասկանալով նրա այդ վարմունքի պատճառը, ստիպում եւ աղաչում էր ինքնակալին, որպէսզի ներքնակողմում զբաղեցնի իր սովորական տեղը: Այնժամ երանելի Թէոդոսը հառաչելով ասաց. «Հազիւ եմ սովորել, թէ ինչ խտրութիւն կայ քահանայի ու արքայի միջեւ, որովհետեւ ուշ գտայ ճշմարտութեան իմ վարդապետին, ուստի ինչպէ՞ս անտեսեմ նրա գեղեցիկ խրատը: Եւ ես միայն նրան (Ամբրոսիոսին) տեսայ արժանի եպիսկոպոսական կոչման»:
Այնքան հոգեշահ եղաւ Թէոդոսի համար քաջ հովուի աստուածային նախանձախնդրութիւնը, որ նրանցից յետոյ եկող իմաստուններն առակով ասում էին. «Հեշտ կը գտնուէին թէոդոսներ, եթէ գտնուէին ամբրոսիոսներ», որը հակառակ իմաստով եւս կարելի է ճշմարիտ ընդունել, այսինքն` եթէ աստուածասէր թագաւորները նման լինէին Թէոդոսին, հեշտութեամբ առաջ կը գային նաեւ Ամբրոսիոսին հետեւող քաջ հովիւներ:
Թէոդոսի օրօք Հռոմի կայսրերի մօտ օրէնք դարձաւ, որ թագաւորը պէտք է նստէր դասի վանդակից դուրս` քահանաների ու ժողովրդի միջեւ:
Բարեպաշտ Թէոդոս արքան հոգածու եղաւ Եկեղեցու շինութեան համար բազմապատիկ բարեկարգութիւնների նախաձեռնմանը, ամենուր ծաղկեցրեց ճշմարիտ աստուածապաշտութիւնը, բնաջնջելով վերացրեց տեղ-տեղ գործող մեհեանների եւ հեթանոսական պաշտամունքների մնացուկները, քանզի Մեծն Կոստանդիանոսի օրօք որոշ կռատներ քանդուել էին, որոշներն էլ միայն փակուել էին, բայց պահպանուել էին դրանց արձանները: Սրանք բացել տուեց ուրացող Յուլիանոսը, իսկ նրանից յետոյ եկող կայսրերը դարձեալ փակեցին: Բայց անօրէն Վաղէսը հեթանոսների համար դարձեալ բացել տուեց: Իսկ աստուածասէր Թէոդոսն իր թագաւորութիւնից իսպառ վերացրեց ու անհետացրեց հեթանոսական պաշտամունքը` իր բոլոր մնացուկներով հանդերձ:
Իսկ Արեւմուտքից ոմն Եւգինէոս բռնաւոր, որը կայսրերից իշխանութիւն ստանալու նպատակով առերես կերպով կռապաշտութիւնից քրիստոնէութեան էր դարձել, ստամբակ մարդկանց իրեն օգնական դարձնելով՝ դաւադրութեամբ սպանեց մանկահասակ Վաղենտիանոս կայսրին եւ շատ հեթանոս համախոհներ ունենալով՝ յոյժ զօրացաւ: Նշանակեց հեթանոս զօրագլուխներ, որոնք իրեն յայտնում էին իրենց չաստուածների գուշակութիւնները, ըստ որոնց՝ նա պիտի դառնար ողջ ինքնակալութեան տիրակալը: Այնժամ Մեծն Թէոդոսն աճապարեց արշաւել արեւմտեան կողմերը: Ու խորհուրդ հարցնելով մարգարէական շնորհ ունեցող մենակեաց Յովհաննէս Եգիպտացուց՝ իմացաւ, որ ոչ թէ հեշտութեամբ պիտի յաղթի, այլ մեծ ճիգերով եւ իր զօրքին վտանգի ենթարկելով: Սակայն նա, ապա-ւինելով Աստծուն, սպառազինուեց պատերազմի համար առաւել պահեցողութեամբ ու աղօթքներով, քան թէ զօրքերով եւ զինամթերքներով, ու աներկիւղ առաջ շարժուեց:
Բիւզանդիայից եօթ մղոն անցնելով եւ հասնելով սուրբ Յովհաննէս Մկրտչի վկայարանին, որն ինքն էր կառուցել, աղօթեց եւ սուրբ Կարապետի բարեխօսութեամբ Տիրոջից առաջիկայ մարտում յաջողութիւն խնդրեց:
Երբ Թէոդոսը հասաւ Գաղղիայի սահմաններին, լուր ստացաւ, որ թշնամին անհամար բազմութեամբ պատրաստւում էր պատերազմի` հեթանոսական օրէնքներով, ու իրենց առջեւից տանում էին Վահագնի, այսինքն՝ Հերակլէսի արձանը: Թէոդոսն անվեհեր կերպով իր զօրքերով ճակատ կազմեց նրանց բանակի դէմ: Երբ սկսուեց պատերազմը, թագաւորը, համարձակօրէն առաջ նետուելով, մեծ կոտորած արեց թշնամու զօրքում, թէպէտ իր զօրքից էլ շատերին կորցրեց, եւ վտանգի ենթարկեց արքունական բանակը: Այդ պատճառով երեկոյեան արքայի զօրագլուխները խորհուրդ տուեցին նահանջել, յետ քաշուել մի ապահով տեղ ու ձմեռել այնտեղ, մինչեւ որ նոր զօրք հաւաքեն: Սակայն Թէոդոսն ականջ չդրեց նրանց խօսքերին եւ ասաց. «Մեր առջեւից ամենայաղթ սուրբ Նշանն է ընթանում, իսկ մեր թշնամիներն իրենց առջեւից Հերակլէսի արձանն են բարձրացրած տանում: Ուրեմն ինչպէ՞ս կարող ենք ամօթահար անել Քրիստոսի ամենազօր Խաչին»:
Ապա իւրայիններին յորդորեց ողջ գիշեր աղօթել Աստծուն: Իսկ ինքը, մտնելով մի քարայր, ուր գտնւում էր սուրբ Յովհաննէս աւետարանչի ու Փիլիպպոս առաքեալի մատուռը, դէմքը հպելով գետնին, ողջ գիշեր օգնութեան համար ջերմագին աղօթքներով եւ արտասուքներով աղաղակեց Տիրո-ջը: Իսկ վաղ լուսաբացին, երբ փոքր-ինչ նիրհեց, անուրջի մէջ տեսաւ սպիտակ ձիերին հեծած երկու սպիտակազգեստ մարդկանց: Երբ հարցրեց, թէ նրանք ովքե՛ր են, իմացաւ, որ Քրիստոսի Յովհաննէս ու Փիլիպպոս աշակերտներն էին: Նրանք թագաւորին ասացին. «Ահաւասիկ Տէրը մեզ առաքեց` քեզ օգնելու համար: Մի՛ զարհուրիր թշնամու բազմութիւնից եւ այլ օգնութեան մի՛ սպասիր, քանզի վաղը քո յաղթութեան օրն է»: Նոյն տեսիլքը տեսաւ նաեւ զինուորներից մէկը ու արթնանալով` պատմեց զօրագլուխներին, որոնք, գալով արքայի մօտ, յայտնեցին այդ աւետաւոր յայտնութեան մասին: Թագաւորը յոյժ ուրախացաւ եւ ուրախացրեց նաեւ բոլորին՝ ասելով, որ նոյն յայտնութիւնը եղել էր նաեւ իրեն: Այսպէս բոլորը սրտապնդուելով՝ կազմ-պատրաստ սպասում էին արեւի ծագելուն, որպէսզի թագաւորի հետ սկսէին պատերազմը:
Իսկ բռնաւոր Եւգինէոսն անձամբ ճակատ չմտաւ, այլ մի բարձունքի վրայ կանգնած՝ սկսեց յանդգնաբար սպառնալիքներ թափել Թէոդոսի վրայ` ասելով. «Նա իր մա՛հն է կամենում, քանզի իր փոքրաթիւ զօրքով ինչպէ՞ս է համարձակւում մարտի մէջ մտնել մեր մեծաթիւ զօրքի հետ»: Իսկ իւրայիններին արիացնելով` ասում էր. «Յարձակուեցէ՛ք նրանց վրայ, ձերբակալեցէ՛ք թագաւորին ու կապուած իմ առջեւ բերէ՛ք»: Սկսուեց պատերազմը: Երկուստէք յարձակուեցին իրար վրայ, եւ երկու կողմերում էլ յոյժ սաստկացաւ կոտորածը: Երբ արքունի զօրքը տկարացաւ, սկսեց թիկունք դարձնել ու շտապ փախուստի դիմել: Սա տեսնելով՝ քրիստոսասէր արքայ Թէոդոսն իջաւ երիվարից, բանակից փոքր-ինչ առաջ անցնելով՝ կանգնեց մի բարձր քարի վրայ, որից հնարաւոր կը լինէր երեւալ ողջ զօրքին, ցած դրեց զէնքերը, ընկաւ իր երեսի վրայ, տարածեց իր անձը Տիրոջ առջեւ եւ աղօթեց. «Դո՛ւ, Տէ՛ր Ամենակալ, գիտես, որ Քո Որդու` Քրիստոսի անուամբ եմ մարտի մէջ մտել այս հեթանոսների մեծ բանակի հետ, որպէսզի վրէժխնդիր լինեմ արդարութեան համար: Արդ, եթէ առաջիկայ գործս անօրէն է, թող ձախողուի, իսկ եթէ Քո կամքով է, ապա կարկառի՛ր Քո ամենազօր Աջն ու օգնի՛ր ինձ, քանզի, Տէ՜ր, Քեզ եմ յուսում եւ Քեզ ապաւինելով եմ եկել այս մարտին: Թող երբէք հեթանոսները չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը»: Այսպիսի խօսքերով թագաւորը սթափեցրեց ու գաղափարապէս սպառազինեց բոլորին` թէ՛ տարէց-ներին եւ թէ՛ երիտասարդներին: Տիրոջ այցելու-թեամբ զօրացաւ արքունի գնդի սիրտն ու ձեռքերը եւ նոր հոգի առնելով՝ յարձակուեց թշնամու վրայ: Զօրապետների մէջ կար Բակուր անունով մէկը, որը լի էր հաւատով ու անպարտելի ուժով: Նա, քաջութեամբ մտնելով թշնամու բանակի մէջ, սպանեց շատերին եւ շատ-շատերին էլ փախստական դարձրեց: Նոյնպէս եւ միւս զինուորները, զօրացած երկնային ուժերի կողմից, շատ ախոյեանների հալածեցին իրենց առջեւից: Բայց որպէսզի բոլորն իմանային, որ այդ յաղթանակն ի վերուստ տրուեց, հրաշք կատարուեց. յանկարծակի սաստիկ հողմ փչեց թշնամու բանակի վրայ ու յետ դարձրեց նրանց արձակած նետերը, որոնք խոցոտեցին իրենց: Դրա հետ մէկտեղ արքունի բանակի արձակած նետերը սաստիկ սլացմամբ տեղացրեց նրանց վրայ, ցած գցեց եւ ցիրուցան արեց նրանց զէնքերն ու վահանները եւ հողմափոշիով կուրացրեց նրանց աչքերը: Այնպիսի մեծ կոտորած եղաւ բռնաւորի զօրքի մէջ, որ ամէնքն սկսեցին բարձրաձայն գոչելով խնդրել ինքնակալ Թէոդոսին, որ խնայի իրենց ու դադարեցնի անողորմ հարուածները: Եւ արքան գթաց նրանց՝ ասելով. «Միայն թէ ձեր բռնաւորին ողջ-ողջ իմ ձեռքը յանձնեցէք»: Այնժամ նրանց զօրապետները գնացին դէպի բլուրը, ուր նստած էր Եւգինէոսը: Սա կարծելով, թէ իրեն յաղթանակի աւետիս են բերում, ասաց. «Արդեօ՞ք կարողացաք Թէոդոսին կենդանի բռնել»: Նրանք ասացին. «Ոչ թէ Թէոդոսին պէտք է քո ոտքը բերենք, այլ քե՛զ պէտք է տանենք նրա մօտ, որովհետեւ երկնքի ու երկրի Տէրը մարտի ընթացքն այսպէս առաջնորդեց»: Սա ասելով՝ բռնեցին բռնաւորին եւ կապուած բերեցին թագաւորի մօտ: Այնժամ Եւգինէոսը լալագին ընկաւ Թէոդոսի ոտքերն ու աղաչեց, որ գոնէ խնայի իր կեանքը: Թագաւորն ասաց. «Յիշի՛ր այն անօրէնութիւնները, որոնք գործեցիր եւ թէ որքան մեծամեծ չարիքների պատճառ եղար, որովհետեւ դու քո բոլոր գործերում քեզ առաջնորդ ընտրեցիր Հերակլէս կուռքին՝ կարծելով, թէ նրանով կը յաղթես կենդանարար սուրբ Խաչի նշանին»: Իսկ բռնաւորը, իր անձն ամօթապարտ խոստովանելով ու յուսալով ինքնակալի ներողամտութեանը, պաղատագին ողորմութիւն էր խնդրում: Եւ մինչդեռ խօսքը բերանում էր, արքունի զինուորները, վախենալով, թէ միգուցէ արքան կը խնայի նրան, չսպասեցին Թէոդոսի հրամանին ու նրա ոտքերի առջեւ խողխողեցին բռնաւորին: Եւ այդպէս, 393 թուականին արքունի զօրքը յաղթանակով ու մեծ աւարով յետ դարձաւ պատերազմից:
Այնուհետեւ արքան մեծ փափագով գնաց Երուսաղէմ եւ երեկոյեան ժամին մտաւ սուրբ Յարութեան Եկեղեցի, որպէսզի աղօթի Քրիստոսի գերեզմանի մօտ: Ու երբ մթութեան մէջ թագաւորն իր երեք մարդկանց հետ մօտեցաւ գերեզմանին, նոյն պահին, երբ բոլոր խորանների կանթեղները մարած էին, անմիջապէս իրենք իրենց վառուեցին: Սա տեսնելով՝ բարեպաշտ կայսրը մեծ բերկրանքով ցնծաց իր հոգում եւ հասկացաւ, որ Աստուած Իր գթութեամբ թողութիւն է տուել իր մեղքերին:
Իսկ դրանից յետոյ երանելի Թէոդոսը, թէպէտ միահեծան կայսր եղաւ Արեւմուտքի ու Արեւելքի վրայ, սակայն պատերազմի մեծ դժուարութիւններից եւ ճանապարհի յոգնութիւններից լարուելով, ջրգողութեան[1] ծանր հիւանդութիւն ստացաւ: Եկաւ Միգուլէ, ուր բերել տուեց նաեւ իր երկու որդիներին, որոնցից կրտսերին` Ոնորիոսին, կայսր կարգեց Արեւմուտքի վրայ, իսկ անդրանիկը մնաց իր տեղում` Արեւելքում: Նրանց տուեց իր վերջին պատուէրները, խրատեց նախանձախնդիր լինել ճշմարիտ աստուածապաշտութեան համար, հաստատուն մնալ ուղղափառ հաւատի մէջ, ապրել անպարսաւելի վարքով, ամենուր օգնական ունենալ Աստծուն, Ով մերձ է Իրենից երկիւղածներին, ու արդարութեամբ վարել թագաւորութեան բոլոր գործերը: Նոյնպէս եւ բարեպաշտութեան յորդորներ տուեց իր իշխաններին ու զօրագլուխներին: Պատգամեց առատօրէն բաշխել եւ ողորմութիւններ անել աղքատներին, ինչպէս որ ինքն էր անում իր բոլոր օրերում, ու ամէն բան կարգաւորեց` յօգուտ հաւատացեալների եւ ի պայծառութիւն սուրբ Եկեղեցու: Ապա հաղորդուելով Տիրոջ պատուական Մարմնին ու Արեանը՝ պատրաստուեց մահուան՝ անվախճան Կեանք փոխադրուելու ակնկալութեամբ: Եւ Ոնորիոսի կայսրութեան տօնախմբութեան նոյն օրը, երբ աստուածասէր թագաւորին թւում էր, թէ փոքր-ինչ թեթեւացել է իր հիւանդութիւնը, յանկարծակի նորոգուեցին ցաւերը, ու վաթսուն տարեկան հասակում` 395 թուականին, տասնվեց տարի թագաւորելուց յետոյ աւանդեց իր հոգին Աստուծոյ ձեռքը:
Կոստանդիանոսից յետոյ չկար նրա նման մէկը Հռոմի կայսրերի մէջ, քանզի նա փայլում էր բարեպաշտութեամբ եւ առաքինութեամբ, հաստատուն էր ուղղափառութեան մէջ ու պարիսպ էր սուրբ Եկեղեցուն, հնազանդ էր առաջնորդներին եւ երկիւղած ամէն բանում: Չխօսենք նրա արիութեան, քաջութեան ու թագաւորութեան գերազանց պաշտօնատարութեան մասին, որի մասին վկայում էին նաեւ օտարները` ասելով, թէ Թէոդոսը ոտքի կանգնեցրեց հռոմէական ինքնակալութիւնը, որը պաշարած թշնամիների երեսից մերձ էր կործանման, որովհետեւ Աստուած նրա հետ էր: Երանելի Թէոդոսն արքունական ծիրանու տակ ունէր իր ծածուկ, մարդկանցից անյայտ մարմնաւոր ճգնութիւնները: Ապրելով իբրեւ անցաւոր պանդուխտ՝ ամէն բանում ճնշում էր իրեն` աշխարհի համար մեռցնելով իր անձը: Քրիստոսասէր թագաւորն արքունական թագի վրայ միշտ կրում էր սուրբ Խաչի նշանը, իսկ պատերազմների ժամանակ այն կրում էր իր սաղաւարտի վրայ: Այս բարի սովորոյթը պահեցին նաեւ նրա որդիները եւ նրանցից յետոյ եկողները:
Մեծ Թէոդոսի վախճանի օրը, ինչպէս նաեւ նրան յաջորդող սգոյ քառասուն օրերին, երանելի Ամբրոսիոսը դամբանական ճառ կարդաց բարեպաշտ ինքնակալի համար` արժանաւոր կերպով դրուատելով նրա առաքինութիւնները: Իսկ նրա մարմինը Արկադէոսի ու Ոնորիոսի հրամանով մեծ շուքով տարան Կոստանդնուպոլիս եւ պատուով թաղեցին սուրբ առաքեալների տաճարում:
[1] Ջրգողութիւն – հիւանդութիւն, որը, մարմնի մէջ օտար ջուր գոյացնելով, տիկի նման ուռեցնում է հիւանդին եւ սաստիկ ծարաւեցնում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: