Աջ Տեառն ի վերայ սրբոց Իւրոց՝
եւ փառք Իւր հանգուցեալ է յոսկերս սոցա.
եւ հոգիք սոցա՝ դասաւորեալք ընդ հրեշտակս ի յերկինս:
(Շարակնոց)
Սուրբ Եկեղեցու եօթնարփեայ ճրագները եւ համօրէն ննջեցեալների յարութեան հանդէպ հաւատի հաստատման համար անմահութեան քնով եօթ ննջողներն ապրում էին Հռոմի կռապաշտ կայսր Դեկոսի թագաւորութեան ժամանակաշրջանում, ով կայսրութեան աթոռին նստեց Տիրոջ 249 թուականին: Նրանք երիտասարդ ու ծաղկուն հասակում գտնուող երիտասարդներ էին՝ բարետես եւ վայելուչ: Ծագումով ասիական Եփեսոս քաղաքից էին, հեթանոս ու փառաւոր իշխանների որդիներ: Նրանց անուններն էին Աքիլլէոս, Դեմետրիոս, Դիոմեդէս, Եւգինէոս, Պրոբատիոս, Շամբատ եւ Կորիկոս (ըստ ոմանց` Կիւրակոս):
Այնպէս եղաւ, որ Դեկոս արքան որոշեց անցնել արեւելեան կողմերով ու շրջել իր տէրութեան սահմաններում գտնուող անուանի քաղաքներով: Եկաւ հասաւ մեծ Եփեսոս քաղաքը, ուր բնակւում էին հեթանոսներ եւ ոչ քիչ քրիստոնեաներ: Եւ որքան ժամանակ կայսրը մնաց այնտեղ, միշտ նրա առջեւ էին քաղաքի աւագանու այդ եօթ պատանիները` իրենց հայրերի հետ: Նրանք զարդարուած էին զինուորական համազգեստներով եւ մէջքներին ունէին ոսկէ գօտի:
Մի օր այդ կռամոլ Դեկոս արքան ու քրիստոնեաների դաժան հալածիչը, ի պատիւ Արամազդի, Ապողոնի եւ Արտեմիսի ու իր սուտ չաստուածների, պաշտամունքի մեծ տօնախմբութիւն կազմակերպեց քաղաքի հրապարակում: Նրա հրամանով հաւաքուեցին մեծերն ու փոքրերը, որպէսզի զոհաբերութիւններ ու խունկեր մատուցեն ձեռակերտ անշունչ տարրերին եւ ուրախանան իրենց անմիտ պաշտամունքի մէջ: Այդ չար գործն ստիպեցին անել նաեւ քրիստոնեաներին, որոնցից վեհերոտներն ու երկչոտները զոհեցին կուռքերին, իսկ արիները եւ հաւատի մէջ հաստատուն եղողները մատնուեցին ծանր պատիժների ու պէս-պէս տանջանքների, շատերն էլ Քրիստոսի համար խնդութեամբ յանձն առան մահը:
Եօթ պատանիները, տեսնելով երանելի նահատակների համբերութիւնը, կարեկցում էին նրանց, քանզի հոգով յարում էին քրիստոնեաներին ու համախոհ էին նրանց կրօնաւորութեան եւ պարկեշտ կենցաղավարութեան ընթացքին: Դրա համար փութալով տիրապէս հասու լինել քրիստոնէական հաւատի ճշմարտութեանը՝ միաբան հաւատացին Քրիստոսին ու գաղտնաբար մկրտուեցին: Ապա փոխելով ծնողներից ստացած իրենց անունները՝ կոչուեցին Մաքսիմիանոս (կամ Մաքսիմիոս), Մարտիանոս (կամ Մարտինիոս), Ամղիքոս, Դիոնէսիոս, Կոստանդիանոս, Անտօնինոս եւ Յովհաննէս, ու սկսեցին յարատեւել պահեցողութեան եւ աղօթքների մէջ:
Մի օր, երբ հեթանոսները դարձեալ կատարում էին իրենց գարշելի կուռքերի տօնախմբութիւնը, նրանք, խոյս տալով ամբոխից, մտան եկեղեցի: Քուրձեր հագնելով, գլուխներին մոխիր ցանելով, Տիրոջ առջեւ արտասուքներ հեղելով ու գետնատարած՝ նրանք դարձ էին խնդրում բոլոր մոլորուածների համար: Այս լուրը հասաւ Դեկոսին, ով, յոյժ բարկանալով, հրամայեց բռնել նրանց: Ու նրանք՝ իբրեւ գայլերի ձեռքն ընկած գառներ, կապուած կանգնեցին թագաւորի առջեւ:
Թագաւորն սկսեց խօսել նրանց հետ մեծ սպառնալիքներով, պարտադրեց հեռանալ Քրիստոսից եւ զոհել կուռքերին, իսկ նրանք համարձակութեամբ միաբերան խոստովանեցին՝ ասելով. «Պատրա՛ստ ենք մինչեւ մահ լինել մեր Տիրոջ եւ մեր Քրիստոս Աստուծոյ վկաները, ու ոչ ոք չի՛ կարող մեզ հեռացնել Նրա սիրուց»: Դեկոսը խիստ բարկացաւ, սակայն փորձեց խօսել քաղցրութեամբ եւ մեծամեծ խոստումներ տալով, որպէսզի թերեւս համոզի, բայց ոչ մի կերպ չկարողացաւ նուաճել նրանց: Այնժամ հրամայեց արձակել նրանց գօտիները, զրկել զինուորական պատիւներից, հարուածել ծնօտներին ու որպէս ստահակների՝ գաւազաններով ծեծել: Ապա մի քանի օր ժամանակ տուեց եւ միառժամանակ արձակեց գնալ իրենց տները, որպէսզի իրենց ծնողների դրդմամբ թերեւս զղջան եւ մտափոխուեն, ու բացի այդ` թագաւորն ինքն էլ պատրաստւում էր կարեւոր գործով բացակայել քաղաքից:
Իսկ նրանք, դուրս գալով թագաւորի մօտից, որոշեցին մի թաքստոց գտնել եւ պատսպարուել այնտեղ, որպէսզի իրենց պատճառով ծնողները վտանգի չենթարկուեն: Մէկը միւսին ասում էր. «Եկէք հեռանանք այս քաղաքից, քանի դեռ չի ժամանել մեր հոգիների ոսոխը»: Ապա հաւաքելով ծնողներից ստացած ու զինուորութիւնից ունեցած ոսկին եւ արծաթը, փոքր-ինչ պահելով իրենց կարիքների համար՝ ամբողջը բաշխեցին տնանկներին: Ծածկաբար գնացին դէպի Ոքղոս կոչուող մերձակայ լեռը (որը, ըստ ոմանց, քաղաքից հեռու էր երկու մղոնի չափով, իսկ ըստ ոմանց` այն Ողիմպիոսի լեռներից մէկն էր, որն այժմ կոչւում է Քեշիշ դաղ) ու մտնելով մի մեծ քարայր՝ հանգրուանեցին նրա ներքին խորշերում, ուր ապրելով խստակեցութեամբ՝ արտասուալից աղօթքներով խնդրում էին Աստծուն իրենց ցոյց տալ Կեանքի Ճանապարհը եւ իրենց պահպանել աւելի շատ հոգու, քան թէ մարմնի կորստից:
Այդպէս միառժամանակ ապրեցին այդտեղ: Ամէն օր հաց գնելու ու քրիստոնեաների հալածանքների եւ այլ դէպքերի մասին տեղեկութիւններ բերելու համար քաղաք էին ուղարկում իրենց ամենակրտսեր եղբօրը` արագոտն Ամղիքոսին, ով իմաստուն մէկն էր ու բոլոր գործերում՝ ժիր եւ ճարպիկ: Նա երթեւեկում էր զգուշութեամբ` ծպտուած աղքատ մուրացիկի կերպարանքով: Մի օր քաղաք գալով՝ Ամղիքոսը լսեց, որ Դեկոսը վերադարձել է, ու իր աչքերով տեսաւ, թէ ինչպէս են նրա հրամանով խստագոյն կերպով կապանքներով եւ բանտերով, սրով ու հրով տանջում քրիստոնեաներին: Ոմանց տեսաւ կախաղանի վրայ մորթազերծ արուած, ոմանց` գլխատուած եւ գլուխները քաղաքի դարպասների մօտ ցցի հանուած, լսեց նաեւ, որ արքունի պատուիրակները որոնում էին իրենց: Այնժամ Ամղիքոսն աճապարեց քիչ հաց գնել եւ գաղտնաբար փախաւ քաղաքից: Շտապ գալով ընկերների մօտ՝ նա պատմեց իր բոլոր տեսածներն ու լսածները: Նրանք սկսեցին աղօթել, որպէսզի դադարեն հալածանքները, եւ Աստծուց գոհանալով` ճաշակեցին իրենց սակաւիկ հացը: Ապա ասացին Ամղիքոսին. «Վաղ առաւօտեան կը գնաս քաղաք ու կը տեղեկանաս բոլոր իրադարձութիւնների մասին: Մի քանի օրուայ բաւականացնող հաց կը գնես, որովհետեւ քաղցած մնացինք, եւ շտապ կը վերադառնաս»:
Այս ասելով՝ իրենց յանձնեցին Աստուծոյ ամենախնամ տնօրինութեանն ու քուն մտան: Մարմնաւոր քնով իրենց հոգիներն աւանդեցին Աստծուն եւ իբրեւ կենդանի ննջեցեալներ Ամենակալի խնամքով պահուեցին անվնաս ու անապական:
Իսկ թագաւորը, երկար օրեր նրանց որոնելով եւ չգտնելով, սկսեց նեղել նրանց ծնողներին, որ ցոյց տան իրենց որդիների թաքստոցները: Եւ քանի որ նրանք տեղեակ էին, որ իրենց որդիները թաքնուած են Ոքղոս լեռան այրում, յայտնեցին թագաւորին: Այնժամ Դեկոսը հրամայեց մեծամեծ քարերով փակել այրի մուտքը, որպէսզի նրանք ներսում սովամահ եւ շնչահեղձ լինեն: Այս գործի վերակացուները Թէոդորոս ու Ռուփինոս իշխաններն էին, ովքեր ծպտեալ քրիստոնեաներ էին: Նրանք փակեցին այրի մուտքը եւ մի ողորկ ու հարթ կապարի վրայ գրեցին եօթ պատանիների անունները, տարեթիւը եւ թէ ինչպէս Քրիստոսի համար հալածուելով՝ նրանք այստեղ սովալլուկ վախճանուեցին: Գրութիւնը դրեցին ներսում ու դրսից փակեցին` մտածելով, որ թերեւս կը գայ ժամանակ, որ երբ գտնուեն նրանց ոսկորները, թող յայտնի դառնայ, թէ ովքեր են: Այս անելով՝ վերադարձան թագաւորի մօտ, եւ այնուհետեւ նրանց մոռացութեան մատնեցին:
Անցան կռապաշտ կայսրերի ժամանակները, ու Մեծն Կոստանդիանոսից սկսած զօրացաւ քրիստոնեաների թագաւորութիւնը: Եւ թէպէտ յետոյ քրիստոնեաները դարձեալ փոքր-ինչ հալածանքներ կրեցին Յուլիանոս Ուրացողի ու արիոսական Վաղէսի կողմից, սակայն երբ եկաւ Մեծն Թէոդոս կայսրը, իսպառ նահանջեց հեթանոսութիւնը, ողջ երկրում տարածուեց քրիստոնէութիւնը, ու Եկեղեցում խաղաղութիւն տիրեց: Բայց հաւատացեալների մէջ կային տեսակ-տեսակ հերձուածողներ եւ աղանդաւորներ, որոնց արթուն հովիւները աստուածասէր թագաւորի հետ ջանք չէին խնայում նրանց յայտնելու Ճշմարտութիւնն ու կանգնեցնելու ուղիղ ճանապարհին:
Այս ժամանակներում գլուխ բարձրացրին նաեւ չարաղանդ հերձուածողներ, ովքեր ոչ միայն աշխարհական եւ աննշան մարդկանցից էին, այլեւ քահանաներից ու անուանի մարդկանցից, որոնցից էին Պաղեստինի Թէոդորոս եւ Գայիոս եպիսկոպոսները: Նրանք ասում էին, թէ այս հողանիւթ մարմինը յարութիւն չի առնում, իսկ Թէոդոս արքան ու բոլոր բարեպաշտ անձինք յոյժ մտահոգւում եւ մեծ ցաւ էին ապրում սադուկեցիների այդ յետին մոլորութեան վրայ ու անհանգստանում էին, որ յանկարծ այն չծաւալուի ժողովրդի մէջ: Բայց մարդասէրն Աստուած ողորմեց ուղղափառ եկեղեցիներին եւ մի նորահրաշ սքանչելիքով բոլորին հաստատեց համընդհանուր յարութեան հաւատի մէջ: Նա Գալիոս անունով եփեսացի մի իշխանի մէջ միտք դրեց, որ այն այրի մօտ, ուր փակուած էին պատանիները, փարախ շինի իր ոչխարների ու հօտերի համար: Շինարարութեան համար իշխանի ծառաներն օգտագործեցին քարայրի մուտքը փակող քարերը, եւ բացի այդ` ժամանակի ընթացքում ճեղքուածքներ առաջացած լինելու պատճառով այրը բացուած տեղեր ունէր: Սակայն ծառաներն այդ օրը ներս չմտան, այլ երեկոյեան դարձան իրենց տները:
Հետեւեալ օրը՝ առաւօտեան, Աստուած իբրեւ խոր քնից յարութիւն տուեց եօթ սուրբ պատանիներին ու կենդանացրեց: Արթնանալով՝ նրանք կարծում էին, թէ ննջել էին նախորդ գիշեր եւ այդ առաւօտ արթնացել, քանզի անապական ու անեղծ էին մնացել անգամ նրանց հանդերձները եւ ամէն ինչ, սակայն դեռեւս սրտներում մնացել էր Դեկոսի ահն ու երկիւղը: Նախկինի պէս Ամղիքոսին շտապ ուղարկեցին քաղաք` բաւականաչափ հաց գնելու եւ միաժամանակ տեղեկանալու, թէ Դեկոս թագաւորը ինչ է խորհում իրենց մասին: Նրանք ասում էին` եթէ իրենց պահանջելու համար բռնութիւն գործադրեն իրենց ծնողների վրայ, ապա Քրիստոսի համար պատրաստ են մատնել իրենց անձերը, որպէսզի իրենց պատճառով նրանք չվտանգուեն:
Ամղիքոսը, դուրս գալով այրից ու տեսնելով, որ մուտքի մօտ քարերի մեծ-մեծ կոյտեր կան, վախեցաւ, որովհետեւ նրանք բնաւ չէին իմացել քարայրի` քարերով խցուելու եւ վերստին բացուելու մասին, քանզի ննջած են եղել աստուածառաք քնով: Սա հեթանոսների կողմից դաւ համարելով՝ նա փակեղով 1 ծածկեց երեսը, որպէսզի կռապաշտներից ոչ ոք չճանաչի իրեն ու զգուշութեամբ ճանապարհ ընկաւ: Արդէն մօտեցել էր քաղաքին եւ անընդհատ շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ կա՞յ արդեօք արքունի սպասաւորներից մէկը: Չտեսնելով կասկածելի որեւէ մէկի՝ հասաւ քաղաքի դռանն ու տեսաւ, որ այնքան են այլափոխուած բոլոր կառոյցները, որ անգամ սկսեց երկմտել, թէ արդեօ՞ք դա Եփեսոս քաղաքն է: Ապա տեսնելով քաղաքի պարիսպների եւ դռների վրայ Քրիստոսի սուրբ Խաչի նշանը՝ երկրպագեց ահուդողով, համակուեց ուրախալից երկիւղով եւ յոյժ սքանչացաւ այն ամէնով, ինչ տեսաւ: Նա լսում էր ժամհարի ձայնը, տեսնում, որ մարդիկ խաչակնքում էին իրենց երեսներն ու ողջոյն տալիս միմեանց՝ ըստ քրիստոնէական օրէնքի, եւ տեսնում էր նաեւ շատ եկեղեցականների, ովքեր շրջում էին ազատ ու աներկիւղ: Պտտուելով քաղաքում՝ ամենուր տեսնում եւ լսում էր նոյն բանը, որից աւելի ու աւելի էր զարմանում եւ հոգով խռովւում, քանզի տեսածը երազ էր համարում ու չէր կարողանում ուշքի գալ եւ հաւատալ դէպքերի զարմանահրաշ փոփոխութիւններին: Ու հիանալով` ասում էր ինքն իրեն. «Երէկ հրապարակները լի էին անհաւատների բազմութեամբ, որոնք խոշտանգում էին քրիստոնեաներին, իսկ այսօր ազատօրէն Քրիստոս է պաշտւում, եւ անհաւատների հետքն էլ չի երեւում»: Եւ կանգնեցնելով մի մարդու՝ հարցրեց, թէ արդեօք այս քաղաքը Եփեսոսն է: Անցորդն ասաց. «Այո՛, որդեա՛կ»: Իսկ Ամղիքոսը շուարել էր եւ վարանումների մէջ էր: Նա մտածում էր, որ միգուցէ սրանք հեթանոսների նոր հնարքներն են` թաքնուած քրիստոնեաներին որսալու համար, կամ էլ մտածում էր, որ երեւի Աստուած փոխել է արքայի սիրտը, ու նա արդէն թոյլ է տալիս, որ աներկիւղ պաշտուի քրիստոնէութիւնը: Սակայն ամենուր կատարուած բազմատեսակ փոփոխութիւնների պատճառով նա չէր կարողանում հաստատուել իր խորհուրդների մէջ:
Մարդն ասաց Ամղիքոսին. «Որտեղի՞ց ես եկել, որ չես ճանաչում մեր քաղաքը», իսկ նա ապշած՝ ոչինչ չկարողացաւ պատասխանել, այլ գնաց, իր դրամը տուեց հացավաճառին եւ հաց խնդրեց: Հացավաճառը, տեսնելով իրեն անծանօթ հին ու անսովոր դրամը, զարմացաւ: Այն ցոյց տուեց շուկայում գտնուող այլ մարդկանց, սակայն նրանք եւս չճանաչեցին: Ապա հարցրեց Ամղիքոսին. «Ո՛վ մարդ, որտեղի՞ց քեզ այս դրամը: Մի՞թէ դու հին գանձեր ես գտել»: Իսկ նա աւելի ու աւելի վարանելով իր խորհուրդներում եւ տագնապելով հեթանոսների ահից՝ սկսեց աղաչել ու ասել. «Ես շտապում եմ իմ գործին հասնել, խնդրում եմ` տո՛ւր ինձ այդքան դրամի հաց կամ էլ վերադարձրո՛ւ դրամս»: Բայց նրան ստիպում էին, որ ասի, թէ որտեղից իրեն այդ դրամը: Լուրն անմիջապէս տարածուեց ամբոխի մէջ, եւ նա շրջապատուեց մարդկանց բազմութեամբ:
Ամղիքոսին տարան քաղաքի Անտիպատրոս բդեշխի մօտ, ով սկսեց հարցաքննել նրան, իսկ նա չէր իմանում, թէ ինչ պատասխանի, քանզի զարհուրած էր ու խիստ զարմացած: Այնժամ նրա վրայից հեռացրին փակեղը եւ տարան քաղաքի Մարինոս եպիսկոպոսի մօտ: Այնտեղ եկաւ նաեւ բդեշխը` իր իւրայիններով, ու յայտարարեց, թէ այս մարդը վաղեմի գանձ է գտել: Երբ եպիսկոպոսը տեսաւ դրամը եւ կարդաց դրամի վրայ գրուած Դեկոսի անունը, Ամղիքոսին հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այս դրամը, որդեա՛կ, որտեղի՞ց այն գտար»: Ամղիքոսը հեզութեամբ պատասխանեց. «Ես չեմ գտել այս դրամը: Այն երէկ շրջանառւում էր ողջ քաղաքում, եւ ի վերջոյ ես ինքս այս քաղաքում եմ ծնուել ու մեծացել»: Սակայն տեսնելով, որ իրեն չեն հաւատում, եւ ոչ ոք չի ճանաչում իրեն, համարձակուեց յայտնել իր անձը, յայտնել հօր անունն ու նրա իշխանական պատիւը: Նա ասաց. «Ես Հռուփոս կոմսի որդին եմ, որը քաղաքի աւագանուց է եւ Դեկոս արքայի զօրապետերից մէկը»: Լսողներն սկսեցին ծիծաղել նրա` իբրեւ ցնորուածի վրայ, իսկ ոմանք էլ կարծեցին, թէ նա խաբէութիւններ է անում: Այնժամ բդեշխն սպառնաց նրան ու ասաց. «Եթէ չասես, թէ որտեղից քեզ այս դրամը, բազում տանջանքների կÿենթարկեմ քեզ»: Ամղիքոսն ասաց. «Աղաչում եմ ձեզ, տեա՛րք, լսէ՛ք ինձ եւ պատասխանէք իմ հարցերին. ասացէ՛ք, այս քաղաքը Եփեսո՞սն է, եւ Դեկոս թագաւորը քաղաքո՞ւմ է, թէ՞ ոչ»: Ասում էր ու դարձեալ իր շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ բազմութեան մէջ կը գտնի արդեօք իր ծանօթներից մէկին: Նրան ասացին. «Այս քաղաքը Եփեսոսն է, եւ Դեկոս անունով թագաւոր չունենք մեր երկրում, առաւել եւս այս քաղաքում, որտեղ ի դէմս քրիստոսասէր Թէոդոս արքայի` իշխան է նստում»: Ամղիքոսն ասաց. «Թերեւս ցնորուել եմ ու չգիտեմ, թէ ինչ ասեմ: Երէկ ես այս քաղաքում տեսայ Դեկոսին, իսկ քաղաքին տիրում էին նրա իշխաններն ու ծառաները»: Այնժամ եպիսկոպոսն ասաց. «Ո՛վ մարդ, դու կա՛մ յիմար ես, կա՛մ էլ ուզում ես մեզ խաբել: Ո՞ւր է Դեկոսը, ում մասին այդքան հարցնում ես: Նա եղել է վաղեմի կռապաշտ թագաւորներից մէկը»: Ամղիքոսը դարձեալ կրկնեց. «Դեկոսը երէկ քաղաքում էր եւ չարչարում էր քրիստոնեաներին: Մենք փախել ենք նրա երեսից, որովհետեւ քրիստոնեաներ ենք: Եթէ ինձ չէք հաւատում, եկէ՛ք իմ յետեւից ու ձեզ ցոյց կը տամ իմ ընկերներին, ովքեր թաքնուած են Ողքոս լեռան թաքստոցում»: Այնժամ եպիսկոպոսը բդեշխին եւ հաւաքուած մարդկանց ասաց. «Ո՛վ եղբայրներ, խորհրդաւոր է այս ամէնը ու զարմանալի նշան ամբողջ աշխարհի համար»:
Ապա միաբան հետեւեցին Ամղիքոսին: Երբ հասան այրի դռանը, եպիսկոպոսը գտաւ կապարէ այն հարթ կտորը, որի վրայ գրուած էին նրանց անունները եւ տարեթիւը: Եպիսկոպոսը, այն ընթերցելով, ապշութեամբ ցոյց տուեց բոլորին, իսկ ներսում գտնուող երանելի պատանիները, լսելով ամբոխի ոտնաձայները, կարծեցին, թէ Դեկոսի սպասաւորները եկել են իրենց բռնելու: Բայց Ամղիքոսը շտապեց բոլորից առաջ ներս մտնել ու ընկերներին պատմել դէպքերի նորահրաշ փոփոխութիւնների մասին: Ուրախութեամբ քաջալերեց նրանց եւ ասաց. «Տէրը մեծ ողորմութիւն արեց մեզ ու ցոյց տուեց Իր հրաշագործ մեծութիւնը»: Ապա ներս մտան գլխաւոր անձինք եւ տեսան սուրբ պատանիներին` զուարթ ու լուսափայլ դէմքերով: Բոլորը խոնարհուելով ողջունեցին նրանց եւ համբուրեցին Քրիստոսի կենդանի նահատակներին: Այնժամ նրանք սկսեցին մէկ առ մէկ պատմել այն ամէնը, ինչ կատարուեց իրենց հետ, պատմեցին նաեւ իրենց օրերին կատարուած բոլոր դէպքերի մասին: Եպիսկոպոսն այդ հրաշքի մասին շտապ տեղեկացրեց Թէոդոս թագաւորին, ով լսելով լցուեց անպատում ուրախութեամբ ու շտապ ճանապարհ ընկաւ դէպի Եփեսոս: Եկաւ մեծ բազմութեամբ, քանզի ով լսում էր եօթ պատանիների զարմանահրաշ յարութեան մասին, միանում էր նրանց: Երբ արքան մօտեցաւ, սուրբերն ընդառաջ ելան նրան: Արքան, տեսնելով երանելի պատանիներին, ովքեր փայլում էին անճառելի գեղեցկութեամբ եւ ունէին հանդերձեալի կերպարանքը, յոյժ սքանչացաւ: Ապա իջնելով երիվարից՝ ողջունեց նրանց ու ընկնելով նրանց պարանոցով՝ համբուրեց ջերմ արտասուքներով:
Սրանից յետոյ երանելիները ներս մտան եւ նստեցին այն տեղում, ուր քուն էին մտել: Նրանք սկսեցին խօսել թագաւորի հետ ու ասել. «Թող խաղաղութեամբ ապրի քո թագաւորութիւնը, արքա՛յ: Իմացի՛ր, որ քո եւ բոլոր բարեպաշտների համար Աստուած մեզ յարութիւն տուեց իբրեւ մեռելներից, որպէսզի սրանով բոլորը ճանաչեն Արարչի զօրութիւնը ու իմանան, որ կայ հող դարձած մարդկային մարմինների յարութիւն: Քանզի նոյն Տէրն է, որ մեզ այսքան ժամանակ անց յարութիւն տուեց մահուան նմանուող այս քնից եւ պէտք է յարութիւն տայ գերեզմաններում բոլոր ննջածներին»: Այս ասելով՝ եպիսկոպոսից օրհնութիւն խնդրեցին ու խոնարհեցնելով իրենց գլուխներն Աստուծոյ առջեւ՝ Աստուծոյ հրեշտակների ձեռքն աւանդեցին իրենց հոգիները:
Բոլոր ներկաները մեծ հիացմունքով փառաւորեցին Աստծուն: Այնժամ թագաւորը հրամայեց վերցնել մի մեծ տապան, զարդարել տուեց ոսկով ու արծաթով, ուր եւ զետեղեցին Աստուծոյ եօթ երանելի սուրբերի մարմինները: Ու մինչ պատրաստում էին տապանը, այդ գիշեր թագաւորին երեւացին սուրբերը եւ ասացին. «Աստուած մեզ յարութիւն տուեց հողից եւ ոչ թէ ոսկուց կամ արծաթից: Ուստի ամփոփիր մեզ այն հողում, որտեղ յարութիւն առանք, որպէսզի Փրկչի միւս գալստեանը դարձեալ այդտեղից յարութիւն առնենք»: Յաջորդ օրը արքայի հրամանով փորեցին այդ տեղը, ուր եւ դրեցին սուրբերի մարմինները: Այդ տեղում եկեղեցի կառուցեցին, զարդարեցին ոսկեզօծ ապակիներով ու կատարեցին սուրբերի յիշատակի մեծահանդէս տօնը: Ապա թագաւորը, մեծապէս գոհանալով Աստծուց, ուրախութեամբ վերադարձաւ Կոստանդնուպոլիս: Եւ ովքեր լսում էին սուրբերի այս պատմութիւնը, հաստատւում էին յարութեան հանդէպ հաւատի մէջ, որն անպատմելի խնդութիւն էր ուղղափառների համար:
Ըստ ճշգրիտ ժամանակագրութեան` այս ամէնը տեղի ունեցաւ Տիրոջ 389 թուականին՝ Մեծն Թէոդոսի թագաւորութեան տասնմեկերորդ տարում, Դեկոսից 140 տարի անց, ինչպէս որ գրուած է մեր Յայսմաւուրքում: Այդ իսկ խորհրդով Եփեսոսի սուրբ մանուկների տօնը յիշատակւում է Թէոդոս թագաւորի հետ, բայց սրանից զատ՝ եօթ ննջողների տօնն առանձին յիշատակւում է նաեւ այլ տեղում. առաջինը՝ որպէս նրանց ննջման յիշատակ, իսկ երկրորդը` որպէս նրանց յարութեան յիշատակ:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 26:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: