Գիրք` 30. Հոբ

Գլուխ 16

   
1. Հոբը պատասխանեց.

2. «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։

3. Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։

4. Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։

5. Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։

6. Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։

7. Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։

8. Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։

9. Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։

10. Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։

11. Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։

12. Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։

13. Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։

14. Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։

15. Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։

16. Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։

17. Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է,

18. Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։

19. Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։

20. Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։

21. Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։

22. Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։