Գիրք` 30. Հոբ

Գլուխ 26

   
1. Հոբը պատասխանեց.

2. «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։

3. Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։

4. Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։

5. Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։

6. Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։

7. Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.

8. Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։

9. Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։

10. Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։

11. Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։

12. Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։

13. Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։

14. Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։