Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։41

Օգոստինոս Երանելի

«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:

 

  Միևնույն տեղում Նա երեք անգամ կրկնում է այդ նույն բառերը (տե՛ս Մարկոս  9։43–47): Ո՞վ չի վախենա Աստծո բերանից հնչող այդպիսի կրկնությունից և պատժի այդպիսի սպառնալիքից:

 

Թեոֆիլակտ Բուլղարացի

«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:

 

  Այսպիսով, եթե փոքրիկներից մեկին պատվես, ապա Աստծուն կգոհացնես: Եթե նույնիսկ փոքրիկներից մեկին գայթակղես, ապա մեղք գործած կլինես. ավելի լավ կլիներ, եթե պարանոցիցդ էշի (երկնաքար) կախված լիներ: Դրանով այն է պատկերում, որ այս դեպքում մենք ամենախիստ պատժին ենք ենթարկվելու: Տերը զգայական տանջանքներն է մատնանշում, որպեսզի այս տեսանելի օրինակով սարսափեցնի մեզ:

 

Ա․  Լոպուխին

41-42․ «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: (Սինոդական թարգմ․) [41]

  Քրիստոս կրկին շարունակում է այն վերաբերմունքի մասին ընդհատված խոսքը, որն առաքյալները պետք է ցուցաբերեն հավատի մեջ տկարների հանդեպ (տե՛ս Մատթեոս 18։5-6):

---------------------------------------
[41] (Էջմիածին թարգմ․) «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
(Արարատ թարգմ․) Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։ /42/
(Գրաբար) Եւ որ ոք՝ գայթագղեցուսցէ զմի ի փոքրկանցս որ հաւատան յիս, լա՛ւ էր նմա առաւել՝ եթէ արկեալ էր ընդ պարանոցաւ նորա երկա՛ն իշոյ, եւ ընկեցեալ ի ծով:

 

Պատմամշակութային մեկնություն

  «Գայթակղություն» հասկացությունը հաճախ փոխաբերաբար օգտագործվում էր մեղքը կամ ճշմարտությունից շեղումը ցույց տալու համար: Երբ պարանոցից ջրաղացի երկնաքարի նման ծանր բեռ է կախված, ապա  խեղդվելուց խուսափելն անհնար է: Խեղդելու միջոցով իրականացվող մահապատժին հրեաները նայում էին որպես սարսափելի պատժի և դրան միայն հեթանոսներին էին ընդունակ համարում: Այս պատկերին էլ ավելի մռայլ երանգ է տալիս նաև այն փաստը, որ մահվանից հետո առանց թաղման մնալը (ներառյալ մահացածի դիակի՝ ծովի հատակին մնալը) համարվում էր վատագույն մահը: Հեթանոսները նույնիսկ հավատում էին, որ հանգուցյալի հոգին հավիտյան սավառնում է այն վայրի ջրերի վրա, որտեղ  խեղդվածն էր։