Սուրբ Թադեոս առաքյալի վարդապետությունից է`
Պատրոնիկե թագուհու ձեռքով Խաչի առաջին գյուտի մասին
Եվ արդ, ձեզ պատմելու եմ սուրբ Խաչի մասին, որ ձեզ մոտ եղած հավատացյալների ձեռքով հրաշալի զորությամբ երևաց: Կղոդեոս կայսրը, որ Տիբերիոս կայսրից հետո երկրորդն էր Հռոմում, Պատրոնիկե անունով մի կին ուներ: Եվ եղավ, որ Կղոդեոս կայսրը պատերազմելու գնաց Սպանիա, որն ապստամբել էր նրանից: Այդ ժամանակ Հռոմ քաղաքում էր Պետրոսը, որ Քրիստոսի աշակերտներից էր: Պատրոնիկեն տեսնելով այն հրաշքներն ու սքանչելագործությունները, որ Պետրոսը կատարում էր Հիսուս Քրիստոսի անունով, զարմացավ և հավատաց Աստծուն, ու արհամարհեց սնոտի պաշտամունքը կուռքերի, որոնց երկրպագում էր: Եվ ընդունեց Աստծուն իբրև մեր Հայր և Հիսուս Քրիստոսին իբրև մեր Տեր և Սուրբ Հոգին: Եվ ընդունեց մկրտություն ու քրիստոնյաների հետ փառավորում էր Աստծուն, և պատվում ու մեծարում էր սուրբ Պետրոս առաքյալին և հոժարությամբ լսում նրան: Եվ սրանից հետո կամեցավ Երուսաղեմ գնալ և տեսնել այն տեղերը, ուր շրջել էր Քրիստոս և հրաշքներ կատարել: Եվ փութով Հռոմից մեկնեց Երուսաղեմ իր երեք տղաների և երկու դուստրերի հետ, որոնցից մեկը կույս էր: Նրա հետ կար նաև մեծաթիվ բազմություն, որ եկել էր նրան, իբրև թագուհու, հանդիսանքով ուղեկցելու: Երուսաղեմ մտնելիս ամբողջ քաղաքը նրան ընդառաջ դուրս եկավ և նրան ընդունեց մեծ պատվով իբրև հռոմեական աշխարհի դշխո և տիկին: Երուսաղեմի եկեղեցու առաջնորդը Հակոբոսն էր. երբ նա լսեց, (որ կինը) քրիստոնեական հավատով է, եկավ թագուհու մոտ, որ Հերովդեսի ապարանքում էր: Եվ երբ տիկինը տեսավ Հակոբոսին, ուրախացավ ու Պետրոսի նման նրան ընդունեց մեծ պատվով: Եվ Հակոբոսը տիկնոջը պատմեց Քրիստոսի հարաշագործությունների և բժշկությունների ու այն վայրերի մասին, ուր հայտնի դարձան Աստծու Որդու` Քրիստոսի սքանչելիքները: Եվ թագուհին ասում է Հակոբոսին. «Ինձ ցույց տուր Գողգոթան, ուր հրեաների կողմից խաչվեց Քրիստոս և խաչափայտը, որից կախվեց, ու գերեզմանը»: Հակոբոսը ասում է. «Այդ մեր իշխանության տակ չէ, քանզի հրեաներն են իշխում, և մեզ թույլ չեն տալիս Գողգոթա գնալ և Հարության (վայր այցելել), և ոչ էլ խաչն են ցույց տալիս մեզ. դեռ ավելին. հալածում են մեզ և բանտ ու զնդան են գցում, և բազում նեղություններով նեղում մեզ, որպեսզի Քրիստոսի անունով չքարոզենք փրկության Ավետարանը, որով փրկվեց տիեզերքը»:
Երբ թագուհին լսեց այս, հրամայեց կանչել հրեից գլխավորներին, քահանաներին և հրամանատարներին` Անանիայի որդի Ոնիային, Կայիափայի որդի Գոդողիային, Աբդասաղամի որդի Հուդային, և բերեցին նրանց: Տիկինը նրանց ասում է. «Հակոբի և նրա ընկերների ձեռքը տվեք Գողգոթան, Գերեզմանը և Քրիստոսի խաչափայտը, և թող ոչ ոք իրավունք չունենա արգելել նրանց ըստ իրենց պաշտամունքի սպասավորել սրբատեղիներում»: Եվ այս ասելով նրանց` ինքն ու իր որդիները, դուստրերը և իր հետ եղածները գնացին տեսնելու սրբատեղիները, որոնք հանձն առան ցույց տալ Հակոբոսն ու նրա հետ եղածները: Եվ իր ուստրերի ու դուստրերի հետ եկավ մտավ Գերեզման, և երեք խաչ գտավ: Այդ պահին նրա կույս աղջիկը ընկավ և առանց որևէ պատճառի հոգին ավանդեց: Երբ դշխոն տեսավ, որ իր դուստրը մեռավ առանց պատճառի, աչքերը վեր հառեց և ծունկի գալով աղոթեց և ասաց. «Քրիստոս Աստված, որ Քո Անձը մահվան մատնեցիր բոլոր արարածների համար և խաչի վրա բարձրացար այստեղ բոլոր մարդկանց փրկության համար և մեռար և այս գերեզմանի մեջ դրվեցիր, որպեսզի ապրեցնես նրանց, ովքեր գտնվում են գերեզմանում և իբրև կենդանարար Աստված հարություն առար և Քո հարությամբ շատերին հարություն տվեցիր Քեզ հետ: Եվ արդ, Տեր Աստված, բոլոր հեթանոսները և պատկերապաշտները, որոնցից (հեռանալով) շրջվեցի դեպ աստվածագիտություն, հիմա կուրախանան ծաղրելով ինձ, և կասեն. «Այս բանը նրան պատահեց աստվածներին լքելու և Քրիստոսին (որին չէր ճանաչում) խոստովանելու պատճառով և նրա խաչելության վայրը գնալու և իբրև Աստծո գերեզման երկրպագելու պատճառով»: Աղաչում եմ Քեզ` աշխարհի Փրկիչ Քրիստոս, ի սեր Քո սուրբ, փառավորյալ անվան լսիր Քո աղախնի պաղատանքները, Քո բարերարության շնորհները մի խնայիր իմ անարժանության պատճառով, որ Արարչիդ փոխարեն արարածներին պաշտեցի, բայց Քո փառավորյալ սուրբ անվան համար Քո հրաշքները ցույց տուր այժմ և մեզ համար բարի հրաշք գործիր, որպեսզի Քո սուրբ անունը չանարգվի Խաչիդ թշնամիների կողմից: Քրիստոս Փրկիչ իմ, մի՛ անտեսիր Քեզ հուսացողիս և ապավինողիս»: Եվ բազում հառաչանքներով և արտասուքով Տիրոջն էր գոչում, որպեսզի Աստված այցելություն անի:
Իր մեծ որդին մոտենալով դշխոյին ասում է. «Լսիր ինձ, մայր իմ, թե ինչ կասեմ քեզ, ինձ այնպես է թվում, որ իմ քրոջ հանկարծակի մահը իզուր չեղավ, այլ` որպեսզի զարմանահրաշ բաների մասին խորհես, և որպեսզի փառավորվի Քրիստոսի մեծ անունը, և ոչ թե հայհոյության ենթարկվի սրա մահվան պատճառով, ինչպես չար մարդիկ են կարծում: Ահավասիկ գերեզման ենք մտել և տեսել երեք խաչ ու հայտնի չէ, թե որն է Քրիստոսինը, որի վրա խաչվեց և հեղեց իր սուրբ արյունը, և որն է ավազակներինը, որոնք Քրիստոսի հետ խաչվեցին հրեաների կողմից: Արդ, այժմ իմ քրոջ մահով թող հայտնվի սուրբ Խաչի զորությունը, որի վրա խաչվեց Քրիստոս Աստված: Քանզի Քրիստոս չի անտեսում նրանց, ովքեր հավատում են Իրեն և խնդրում նրա ողորմության շնորհները»:
Այնժամ թագուհին հասկացավ իր որդու խոսքերը և հավատաց, որ իր մեջ գործում են վերին շնորհները, և փոքր ինչ սթափվեց դառն վշտից: Եվ մոտենալով վերցրեց խաչափայտերից մեկը և դրեց իր մեռած դստեր վրա, և Տիրոջն աղոթելով ասաց. «Քրիստոս Փրկիչ աշխարհի, որ զորություն և հրաշքներ ցույց տվեցիր այստեղ, ինչպես լսեցինք ու հավատացինք Քեզ: Հիսուս Փրկիչ և կեցուցիչ, եթե Քոնն է այս խաչը և սրա վրա խաչվեցիր և տարածեցիր Քո ամենազոր բազուկները, հայտնի դարձրու Քո զորության մեծությունը, որ մարմին առար սուրբ Կույս Մարիամից և մարդ եղար և խաչվեցիր ու չարչարվեցիր և դրվեցիր այս գերեզմանի մեջ և երրորդ օրը հարություն առար և հարություն պարգևեցիր մարդկային ցեղին, այժմ հանուն Քո Խաչի, կենդանացրու իմ դստերը, և կփառավորվես Տեր, երբ սրա հոգին վերադառնա իր մեջ, և խաչահան հրեաները և ճշմարիտ լույսից զրկված խավարամիտ հեթանոսները կամաչեն և հավատացյալները Քեզ կօրհնեն Քրիստոս Աստված, որ Տերն ես երկնքի և երկրի»: Եվ այս աղոթքը ասելով` մոտ մի ժամ լուռ մնաց: Եվ Խաչի զորությունը չէր երևում: Եվ այն վերցնելով մյուսը դրեց, և դարձյալ հառաչելով և արտասուքով Տիրոջն աղոթելով ասում էր. «Տեր Աստված, Քո ակնարկով ստեղծվեցին բոլոր արարածները` տեսանելիներն ու անտեսանելիները, հրամանովդ ենք հաստատված Քո կողմից հորինված արարածներս: Հավիտենական Աստված, եկար Քո կամավոր խաչելությամբ փրկելու տիեզերքը և կամենում ես, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն և գան դեպի ճշմարտության գիտությունը, որովհետև Դու մարդասեր Փրկիչ ես: Քրիստոս` հավատացյալների հույս, եթե այս խաչը Քոնն է, որի վրա թափեցիր Քո արյունը, հայտնի դարձրու Քո զորությունը և կենդանացրու իմ դստերը, որ բազում մեռելների հարություն պարգևեցիր, ի սեր Քո սուրբ անվան, և թող հավատացյալներին ուրախություն լինի Քո ձեռքով երևացող հրաշքների շնորհիվ, և թուլանան ճշմարտություն ատողները` հրեաներն ու հեթանոսները, որ չհավատացին Քո գալստյանը և կամավոր չարչարանքին և մեծամեծ հրաշքներին, որ սովոր ես կատարել, այժմ թող (դրանք) երևան իմ դստեր վրա, և մենք` բոլոր հավատացյալներս արժանի լինենք փառավորել Քեզ` Քրիստոս Աստված, հույս, ապավեն և օգնական և հավատացյալների հետ ճշմարտված սիրով օրհնություն վերառաքենք ամենազոր տերությանդ»: Եվ այս ասելով` նա մոտ երկու ժամ լուռ մնաց, բայց խաչն իր զորությունը ցույց չէր տալիս, ինչպես հույս ուներ: Եվ այս բոլորից հետո իր դստեր վրայից վերցնելով այն խաչը` երրորդը նրա վրա դրեց: Եվ մինչդեռ կամենում էր իր աչքը վեր բարձրացնել և երկինք հառել և իր բերանը բացել և որդու հետ Աստծո առջև աղոթել, նույն պահին խաչը դիակին մոտեցնելիս ակնթարթորեն նրա դուստրը հարություն առավ մեռելներից և հարություն առնելով փառավորում և օրհնում էր Աստծուն, որ Իր Խաչով ապրեցրեց նրան: Երբ տիկինը տեսավ, որ դուստրը մեռելներից հարություն առավ Խաչի զորությամբ, վախենալով խիստ զարմացավ և իր երեսի վրա ընկնելով երկրպագեց և համբուրեց Քրիստոսի Սուրբ Խաչը և գոհացավ անպատմելի հրաշքներով, որ Տերը ցույց տվեց սուրբ Խաչի զորության միջոցով, և իր տղաների ու դուստրերի հետ փառաբանում էր ամենակալ Տիրոջը, և է՛լ ավելի էին հաստատվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի նկատմամբ ունեցած հավատքի մեջ և որ` արդարև Հիսուս Քրիստոս Աստծո Որդի է և այս Խաչը Նրանն է, որը և սրանով կենագործելու է իր հավատացյալներին, և ապավենը, օգնականն ու պահապանն է հավատացյալների և հաղթության նշան ընդդեմ տեսանելի և անտեսանելի թշնամու, որ հակառակվում է Քրիստոս Հիսուսի մեջ եղած ճշմարիտ ավանդներին: Իր որդին ասում է թագուհուն. «Եթե այս այսպես չլիներ Հիսուսի Խաչի զորությունը և ավազակների խաչի ոչնչությունը չէր հայտնվի: Այսուհետև ահա Քրիստոսի սուրբ Խաչը հզորանալու է և մենք պիտի ուրախանանք նրա հրաշագործ զորությամբ, և Քրիստոս Աստված սրանով պիտի փառավորվի այժմ և հավիտյանս»:
Եվ հետո Քրիստոսի Խաչը տվեցին Հակոբոսին, որպեսզի զգուշությամբ պահի և պատվի, և հրամայեց եկեղեցի կառուցել Գողգոթա լեռան վայրում, ուր խաչվեց Քրիստոս, նաև` գերեզմանի վրա, ուր թաղվեց, և բոլոր սուրբ վայրերը զատեց շինվածքներով, որպեսզի պաշտամունքի ժողովարաններ լինեն, ուր օր ու գիշեր պետք է օրհնվեր Քրիստոս Աստված: Եվ դշխոն տեսնելով, որ բովանդակ քաղաքը հավաքված է այս մեծ հրաշքին ի տես` իր դստերը հրամայեց. նրան, որի վրա երևաց սուրբ Խաչի զորությունը, որպեսզի առանց թաքնվելու երևա ժողովրդին, որ կամենում էր տեսնել, որպեսզի տեսնեն և փառավորեն Աստծուն` Նրա անպատմելի հրաշագործությունների պատճառով, որ նրա անձի վրա ցույց տվեց սուրբ Խաչի միջոցով, որպեսզի հավատացյալները ուրախանան և Խաչի թշնամիները, Քրիստոսի ատելիները ամոթով մնան: Բայց հրեաները և ուրացող հեթանոսները խիստ տրտմեցին այդ հրաշագործությունների պատճառով, որ կատարվեցին հավատացյալ դշխոյի հետ, որովհետև տեսան շատերին, որ հավատացին Տիրոջը: Եվ այս հրաշքի լուրը ամեն տեղ պատմվում էր, և մեծանում էր Տիրոջ անունը և փառավորվում այդ զարմանալի գործերով: Եվ մեծ խաղաղություն եղավ Երուսաղեմի բոլոր եկեղեցիներում և այս բոլոր քաղաքներում, որ շրջակայքում էին, և այս բոլորի մասին լսելով օրհներգում էին Աստծուն: Եվ այս բոլորից հետո դշխոն իր խմբով դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի Հռոմ գնա, և ինչ քաղաքով որ անցնում էր` բոլորը գալիս էին մեռելներից հարություն առած իր դստերը տեսնելու և Քրիստոսի սուրբ Խաչի միջոցով երևացած հրաշքներից սովորում էին: Եվ երբ դշխոն մտավ Հռոմ, Կղոդեոս կայսերը պատմեց Քրիստոսի անվամբ սուրբ Խաչի կատարած այն ամենը, որ Երուսաղեմում երևաց նրա կույս դստեր վրա. մեռնելը և հարություն առնելը: Եվ կայսրը լսելով` փառաբանում էր Աստծուն, և հրամայեց` բոլոր հրեաներին հալածել Հռոմից: Եվ արդ, նաև Պետրոսին էր պատմում այն հրաշքները, որ կատարվեցին, նմանապես բոլորին` Քրիստոսի Խաչի զորությունը: Եվ ամենքը լսելով` փառավորեցին Աստծուն:
Արդ, այս բոլորը, որ պատմվեց, ի մտի առեք և հավատացեք Քրիստոսին և սուրբ Խաչը ձեզ պահապան ունեցեք և բոլոր հավատացյալներին` ապավեն, ովքեր հույս ունեն Քրիստոսի վրա: Եվ Հակոբոսը, որ Երուսաղեմի եկեղեցու գլուխն էր և Տիրոջը հավատարիմ մի մարդ, գրեց այս բոլորը, որ տեսավ ինքը և ծանուցեց առաքյալներին, ովքեր Քրիստոսի քարոզիչներն էին, և Հակոբոսի ընկերները, որպեսզի նրանք ևս քարոզեն և ցույց տան այն զորությունը և հրաշքները, որ Քրիստոսով էին: Եվ Կղոդեոսի ու Պատրոնիկեի մահվանից հետո հրեաները գրգռվելով հավատացյալների վրա և հալածանք հանելով նրանց դեմ` փախուստի մատնեցին հավատացյալներին. սպանեցին Հակոբոս Տյառնեղբորը և, վերցնելով սուրբ Խաչը մարդկանցից ծածուկ թաղեցին հողի մեջ Գագաթ (Գողգոթա կոչվող) վայրում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: