1. Եւ մատեան դստերքն Սաղպաադու որդւոյ Ոփերայ, որդւոյ Գաղաադու, որդւոյ Մաքիրայ, ի գնդէ Մանասէի որդւոցն Յովսեփու. եւ այս են անուանք նոցա. Մաաղա, եւ Նուա, եւ Եգղա, եւ Մեղքա, եւ Թերսա:
2. Կացին առաջի Մովսէսի եւ Եղիազարու քահանայի եւ առաջի իշխանացն, եւ առաջի ամենայն ժողովրդեանն ի դրան խորանին վկայութեան` եւ ասեն.
3. Հայր մեր մեռաւ յանապատի անդ. եւ նա ոչ էր ի մէջ ժողովրդեանն գումարելոց առաջի Տեառն ի ժողովրդեանն Կորխեա, որ վասն մեղաց իւրոց մեռաւ. եւ որդիք` ոչ եղեն նորա.
4. Եւ արդ` մի ջնջեսցի անուն հաւր մերում ի միջոյ ցեղին իւրոյ` վասն զի ոչ գոյր նորա որդի. տուք մեզ ժառանգութիւն ի մէջ եղբարց հաւր մերոյ:
5. Եւ մատոյց Մովսէս զդատաստան նոցա առաջի Տեառն:
6. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսեսի` եւ ասէ.
7. Ուղիղ դատեցան դստերքն Սաղպաադու. տալով տացես նոցա կալուած ժառանգութեան ի մէջ եղբարց հաւր իւրեանց, եւ դիցես զվիճակ հաւրն իւրեանց զնոքաւք:
8. Եւ ընդ որդիսն Իսրայէղի խաւսեսցիս եւ ասասցես. Այր ոք` եթէ մեռանիցի, եւ ուստր ոչ գուցէ նորա, տացէ զժառանգութիւն իւր դստեր իւրում.
9. եւ եթէ ոչ գուցէ նորա դուստր, տաջիք զժառանգութիւն նորա եղբաւր իւրում:
10. Եւ թէ ոչ գուցէ նորա եղբայր, տաջիք զժառանգութիւն նորա հաւրեղբաւր իւրում.
11. եւ եթէ ոչ գուցեն նորա եղբարք հաւրն, տաջիք զժառանգութիւն նորա ընդանւոյ մերձաւորի նորա. ի ցեղէ նորա ժառանգեսցէն զնորայն. եւ եղիցի այդ որդւոցն Իսրայէղի իրաւունք դատաստանի, որպէս հրաման ետ Տէր Մովսեսի:
12. Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ել դու ի լեառնն որ յայնկոյս է` ի լեառնն ի Նաբաւ` եւ տեսցես զերկիրն Քանանացւոց զոր ես տաց որդւոցն Իսրայէղի ի կալուած.
13. տեսցես զնա` եւ յաւելցիս առ ժողովուրդ քո եւ դու, որպէս յաւելաւ Ահարովն եղբայր քո ի Հովր լերին:
14. Վասն զի անցէք զբանիւ իմով յանապատին Սինա. ի հակառակել ժողովրդեանն առ ի սուրբ առնելոյ զիս. եւ ոչ արարէք զիս սուրբ ի վերայ ջուրցն յանդիման նոցա. այն է ջուր հակառակութեան յանապատին ի Սինա:
15. Եւ ասէ Մովսէս ցՏէր.
16. Տեսցէ Տէր Աստուած հոգւոց եւ ամենայն մարմնոց` այր ի վերայ ժողովրդեանս այսորիկ,
17. որ ելանիցէ առաջի սոցա, եւ որ հանիցէ եւ մուծանիցէ զսոսա. եւ մի լինիցի ժողովուրդս Տեառն իբրեւ զոչխար` որ ոչ գուցէ հովիւս:
18. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսէսի` եւ ասէ. Առ դու քեզ զՅեսու որդի Նաւեայ` զայր յորում գոյ հոգի, եւ դիցես զձեռն քո ի վերայ նորա.
19. եւ կացուսցես զնա յանդիման Եղիազարու քահանայի. եւ պատուիրեսցես նմա յանդիման ամենայն ժողովրդեանն, եւ պատուիրեսցես վասն նորա յանդիման նոցա.
20. եւ տացես ի փառաց քոց ի վերայ նորա, զի լուիցեն նմա որդիքն Իսրայէղի:
21. Եւ կացցէ առաջի Եղիազարու քահանայի, եւ հարցցեն ի նմանէ զիրաւունս յայտնութեանց առաջի Տեառն, ըստ բանի բերանոյ նորա ելանիցեն, եւ ըստ բանի բերանոյ նորա մտանիցեն. ինքն եւ ժողովուրդքն Իսրայէղի միաբան, ամենայն ժողովուրդքն Իսրայէղի:
22. Եւ արար Մովսէս որպէս պատուիրեաց նմա Տէր. եւ առեալ զՅեսու կացոյց առաջի Եղիազարու քահանայի, եւ առաջի ամենայն ժողովրդեանն.
23. եւ եդ զձեռս իւր ի վերայ նորա, եւ արար զնա յանձն` որպէս պատուիրեաց Տէր Մովսէսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: