1․ Եւ ասէ Դաւիթ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէն Սաւուղայ, եւ արարից ընդ նմա ողորմութիւն վասն Յովնաթանու:
2․ Եւ ի տանէն Սաւուղայ էր մանուկ մի. եւ անուն նորա Սիբա. եւ կոչեցին զնա առ Դաւիթ, եւ ասէ ցնա արքայ. Եթէ դո՞ւ իցես Սիբայն: եւ ասէ. Ես եմ ծառայ քո:
3․ եւ ասէ արքայ. Եթէ իցէ՞ ոք մնացեալ ի տանէ Սաւուղայ` եւ արարից ընդ նմա ողորմութիւն Աստուծոյ: Եւ ասէ Սիբա ցարքայ. Է որդի մի Յովնաթանու հաշմ ոտիւք:
4․ եւ ասէ արքայ. Ո՞ւր է նա: եւ ասէ Սիբա ցարքայ. Ահա է ի տան Մաքիրայ որդւոյ Ամիելի Լադաբարացւոյ:
5․ Եւ առաքեաց արքայ Դաւիթ եւ առ զնա ի տանէ Մաքիրայ որդւոյ Ամիելի Ղադաբարացւոյ:
6․ Եւ եկն Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ Սաւուղայ առ արքայ Դաւիթ, եւ անկաւ ի վերայ երեսաց իւրոց` եւ երկիր եպագ նմա: Եւ ասէ ցնա Դաւիթ. Մեմփիբոսթէ՞. եւ ասէ. Աւասիկ եմ ծառայ քո:
7․ եւ ասէ ցնա Դաւիթ. Մի երկնչիր, զի առնելով արարից ընդ քեզ զողորմութիւն վասն Յովնաթանու հաւր քոյ. եւ դարձուցից քեզ զամենայն անդս Սաւուղայ զհաւր` հաւր քոյ. եւ դու` ուտիցես հաց հանապազ ի սեղան իմում:
8․ Եւ երկիր եպագ Մեմփիբոսթէ եւ ասէ. Ո՞վ է ծառայ քո` զի հայեցար ի շուն մի մեռեալ նմանաւղ ինձ:
9․ Եւ կոչեաց արքայ զՍիբա զծառայ Սաւուղայ` եւ ասէ ցնա. Զամենայն ինչ որ է Սաւուղայ, եւ զամենայն որ տան նորա, ետու որդւոյ Տեառն քոյ.
10․ եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո, եւ ծառայք քո. եւ մուծցես ի տուն Տեառն քո հաց, եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ` որդի Տեառն քոյ` կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում: Եւ Սիբայի էին որդիք հնգետասան, եւ ծառայք քսան:
11․ Եւ ասէ Սիբա ցարքայ. Ըստ ամենայնի զոր հրաման ետ տէր իմ արքայ ծառայի իւրում, այնպէս արասցէ ծառայ քո: Եւ Մեմփիբոսթէ ուտէր հաց ի սեղանոյ Դաւթի` իբրեւ զմի յորդւոցն արքայի:
12․ Եւ Մեմփիբոսթեայ էր որդի մի փոքրիկ, եւ անուն նորա Միքա. եւ ամենայն բնակութիւն տանն Սիբայի` ծառայք Մեմփիբոսթեայ:
13․ եւ Մեմփիբոսթէ բնակէր յԵրուսաղէմ. զի հանապազ ի սեղանոյ արքայի ուտէր. եւ ինքն էր կաղ յերկուց ոտից իւրոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: